Իշխանության սովորական դարձած անտարբերություն
АналитикаՀՀ-ում գոյություն ունեցող սոցիալական ծանր իրավիճակն, անգամ, չդրդեց կառավարությանը բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Դա այն առաջնային և մինիմալ քայլերից մեկն էր, ինչը կարող էր որոշ չափով մեղմել ցածր եկամուտներ ստացողների սոցիալական վիճակը։ Փաստն այն է, որ այսօր Հայաստանում բազմաթիվ են այն աշխատող քաղաքացիները, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ։ Նշենք, որ նվազագույն աշխատավարձը հիմա մեր երկրում 68 հազար դրամ է. այն գործում է 2020 թվականից։
Նշենք, որ 2020-ից հետո բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գներ էապես բարձրացել են (սպասվում է, որ կշարունակեն բարձրանալ նաև այս տարի), բայց կառավարությունը դեմ է, որպեսզի դրան զուգահեռ՝ ավելանան նաև այս խմբում ընդգրկված մարդկանց եկամուտները՝ գնաճի ճնշումը նրանց վրա որոշ չափով թուլացնելու համար։ Նշենք նաև, որ նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու դեպքում, բազմաթիվ քաղաքացիներ 68 հազարի փոխարեն՝ կստանային 100 հազար դրամ։
Ըստ էության, եթե իշխանությունները դեմ էին 100 հազարին, կարող էին այլ տարբերակ առաջարկել, բայց բանից պարզվում է՝ մեր կառավարությունը դրան էլ պատրաստ չէ. պարզապես դեմ է։ Այս ամենն իր հերթին նշանակում է, որ նվազագույն աշխատավարձ ստացողների սոցիալական վիճակը, որը նախորդ 2 տարիներին հասցրել է բավականաչափ վատանալ, շարունակելու է վատանալ նաև այս տարի։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս տարի մեզ նոր ու բազմաթիվ թանկացումներ են սպասվում։ Դրանք թելադրված են լինելու՝ ինչպես դրսից, այնպես էլ՝ ներսից։ Ներքին միջավայրից թելադրված գնաճը մեծապես կախված էր գյուղատնտեսության ոլորտից։ Գյուղմթերքների առանձին շուկաներում գնաճը հասավ 40-50 տոկոսի։ Որոշ գյուղատնտեսական ապրանքներ անգամ կրկնակի-եռակի թանկացան, այսօր էլ շարունակում են այդպիսին լինել։ Ոչ ոք չէր կարող մտածել, որ 1 տարվա ընթացքում կաղամբի կամ կարտոֆիլի գինը կարող է հասնել գրեթե 1 դոլարի, բայց դա հիմա սովորական երևույթ է դարձել։
Հիշեցնենք, որ կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելում էր շուկաներ և խանութներ, հետևում էր գների փոփոխություններին, հպարտանում էր, որ իշխանազավթումից հետո ապրանքները սկսել են էժանանալ։ Հիմա նա այլևս խանութներ կամ շուկաներ չի գնում, այնտեղից ուղիղ եթեր չի մտնում, չի խոսում այն մասին, թե ինչ է կատարվում գների հետ։ Չնայած վստահ ենք, որ փայլուն կերպով տեղյակ է, թե ինչ է կատարվում այսօր շուկայում։
Զավեշտալին այն է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացմանը դեմ է, դրա համար բյուջեում փող չկա, բայց միլիոններ են հատկացնում դիվանագիտական կորպուսի աշխատավարձերը բարձրացնելու համար։ Նրանց համար բյուջեում փող չկա, իսկ ծառայողական ավտոմեքենաների կամ հավելավճարների ու պաշտոնյաների պարգևավճարների համար կա։
Արտաքին ու ներքին տնտեսությունից փոխանցվող գնաճին այս տարի ավելացել է նաև հանրային անխտիր բոլոր ծառայությունների սակագների բարձրացման ազդեցությունը։ Ջրի ու հոսանքի գինը բարձրացել է, սպասվում է, որ 2 ամսից կբարձրանա նաև գազի սակագինը։ Ու այս բոլորի ազդեցությունը կրելու են սպառողները՝ ոչ միայն ուղղակի, այլև տարբեր ոլորտներից փոխանցված անուղղակի ճանապարհներով։ Իշխանությունները դրանց դիմագրավելու համար բացարձակ ոչ մի քայլ չեն անում։
Ամփոփելով նշենք, որ ոչ մի սոցիալական ծրագիր չկա, որը կարող էր ինչ-որ օժանդակություն լինել մարդկանց համար։ Դա էլ քիչ է, դեմ են նաև այն ծրագրերին, որոնցով փորձ է արվում թուլացնել գնաճի ազդեցությունը մարդկանց վրա, պայմաններ ստեղծել նրանց սոցիալական բեռն ինչ-որ տեղ մեղմելու համար։ Ու այս ամենը տեղի է ունենում այն իշխանության օրոք, որն իրեն համարում էր ժողովրդինը ու եկել էր ժողովրդի հոգսը թեթևացնելու համար։
Դավիթ Արշակյան