ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Ուկրաինայի հարցով նիստ անցկացնելու օգտին
ОбществоՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին քվեարկել է Ուկրաինայի իրադրության շուրջ ԱՄՆ-ի նախաձեռնած նիստի անցկացման օգտին: Այդ մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում:
Նիստի անցկացմանը կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, երեք պետություն ձեռնպահ է մնացել: Հանդիպման անցկացման համար անհրաժեշտ էր առնվազն 9 կողմ ձայն։
ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդի խոսքով՝ իր պատվիրակությունն այս հանդիպումը հրավիրել է այն պատճառով, որ Ռուսաստան իր հարևանների հետ սահմանին մեծացնում է ռազմական ներկայությունը։ ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի հարցով նախորդ հանդիպումներն անցել են փակ ռեժիմով, իսկ այժմ անհրաժեշտ է բաց նիստ հրավիրել, որը «Ռուսաստանին անհարմար վիճակի մեջ կդնի»:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է որ ՌԴ տարածքում զորքերի տեղակայումը իր երկրի ներքին գործ է, այլ ոչ թե սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Ռուսաստանի պատվիրակությունը բազմիցս հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները։
Ռուսական կողմն իր հերթին մտադրություն է հայտնել փետրվարի 17-ին Անվտանգության խորհրդում քննարկել Մինսկի համաձայնագրերի կատարումը: