«Մեկ մարդու» սինդրոմը
АналитикаԱյս օրերին Հայաստանում ընթացող հանրապետության նախագահի թեկնածուների շուրջ քննարկումների միակ իմաստն այն էր, որ այդ քննարկումներն անիմաստ էին։ Դրանք այն մասին էին, որ նախագահի անունը, ազգանունը, հասակը կամ սանրվածքը որևէ նշանակություն չունեն։ Կա միայն մեկ չափանիշ, որին պետք է բավարարի կամայական թեկնածուն. հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։ Այդ չափանիշին բավարարող ցանկացած մեկը կարող էր և կզբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը՝ անկախ նրանից, ավելի շատ նման է կլորավո՞ւն, թե՞ վարունգաձև բանջարեղենի։
Փաստացի, իրականությունն այն է, որ Հայաստանում հաստատվել և ամեն օրվա հետ ամրապնդվում է անձնակենտրոն իշխանություն, որի առանցքում մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը։ Այս գործընթացը, ի դեպ, բացահայտում է այն կոդավորված տեխնոլոգիան, որով նա սկսել է իր քաղաքական գործունեությունը։ «Եվ այդ մեկ մարդը դու ես» արտահայտության տակ իրականում Նիկոլը նկատի ուներ միայն և բացառապես իրեն ու որպես վերջնանպատակ տեսնում էր ՀՀ-ում այդ մեկ մարդու իշխանության հաստատումը։ Եվ երկրում կատարվող գրեթե բոլոր գործընթացները ծառայում են հենց այդ նպատակին։
Բանն այն է, որ Նիկոլին անհրաժեշտ է տոտալ անդեմություն պետական ու հանրային կառավարման բոլոր համակարգերում, և նա հետևողականորեն գնում է այդ ճանապարհով։ Խորհրդարանն ու կառավարությունն այդ անդեմության իդիլիայի արտահայտությունն են։ Նրան անհրաժեշտ է, որ որևէ տարբերություն չլինի, ասենք, Լուլուի, Վիգեն Խաչատրյանի կամ Վահագն Ալեքսանյանի միջև (ու, փաստացի, չկա այդպիսի տարբերություն)։ Բոլորն էլ, ինչպես և նրանց տասնյակ այլ գործընկերները, գտնվում են անհեթեթության ու անբանականության նույն հարթությունում։ Կառավարությունում սկզբունքը նույնն է՝ բոլորը պետք է համապատասխանեն միջին վիճակագրական անդեմության չափանիշին, և համապատասխանում են։
Հանուն արդարության պետք է արձանագրենք, որ նույն գործընթացը տեղի է ունենում նաև մյուս բոլոր ոլորտներում։ Ասենք, եթե ՏԻՄ-երում ընտրվում են Փաշինյանին ստրկաբար չծառայողնե՞ր. փույթ չէ, անմիջապես քրեական գործեր են հարուցվում նրանց նկատմամբ, կամ թե չէ, դատական համակարգում դեռևս մնացե՞լ են մի քանի անկախ դատավորներ. կրկին ոչ մի խնդիր, հարուցվում են հերթական քրեական գործերը։ Տարբեր դրսևորումներով, բայց բովանդակորեն նույն՝ անդեմացման ու անդեմության գործընթացները տեղի են ունենում գրեթե բոլոր ոլորտներում՝ դիվանագիտական ծառայությունից՝ մինչև իրավապահ մարմիններ, բուհական համակարգից՝ մինչև Երևանի քաղաքապետարան։
Ակնհայտ խամաճիկային օրենսդիր ու գործադիր իշխանություն ունեցող Փաշինյանը հետևողականորեն դիմազրկում է նաև պետական ու հանրային կառավարման մնացած բոլոր օղակները՝ դրանք ծառայեցնելով սեփական անձնակենտրոն իշխանության հաստատմանը։ Գործընթացի հիմքում ընկած է նույն կոդավորված սկզբունքը՝ Հայաստանում պետք է լինի մեկ մարդու իշխանություն, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ ահա պետական ու հանրային կառավարման համակարգերի խամաճիկացումն ընթանում է «մենք բոլորս Նիկոլ Փաշինյան ենք» սկզբունքով։ Եվ միանգամայն բնական է, որ դա տեղի է ունենում անդեմացման միջոցով, որովհետև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, քաղաքական ու բարոյական անդեմության կենդանի մոնումենտ է։
Սամվել Արամյան