Նոր պարտիա. «թուրքական գամբիտ»
АналитикаԻնչպես հայտնի է Ադրբեջանի խորհրդարանը փետրվարի 1-ին վավերացրել է, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը», որ նախորդ տարի հունիսին Ալիևն ու Էրդողանը կնքել էին Շուշի կատարած այցի ընթացքում: Այդ հռչակագիրն, ըստ էության, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմա-քաղաքական դաշնակցության մասին է, կամ այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կլանման մասին, որ իրականացնում է Թուրքիան, այդ թվում 44-օրյա պատերազմում Բաքվին ցուցաբերած լայնածավալ ու խորքային աջակցության միջոցով:
Այս գործընթացում հատկանշական է նաև այն, որ այդ հռչակագրի վավերացման համար մուտք է արվել նաև Թուրքիայի խորհրդարան: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը որոշել հենց այս պահին գնալ այդ թղթի վավերացման ուղղությամբ քայլերի:
Տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների հետ համադրելով՝ հատկանշական է, որ դա տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի, ինչպես նաև աշխարհաքաղաքական քննարկումների ֆոնին, որ տեղի են ունենում Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի ու Եվրամիության առաջատար երկրների մասնակցությամբ:
Ըստ էության, Թուրքիան փորձում է հետ չմնալ այդ ամենից և խցկվել այդ գործընթաց, սակայն առայժմ ապարդյուն: Անկարան առաջարկեց Ուկրաինայի և ՌԴ նախագահներին հանդիպել իր մոտ: Զելենսկին ընդունեց, Պուտինը՝ ոչ: Պուտինը չընդունեց նաև Անկարա իր առանձին այցի հրավերը և ահա Էրդողանը ինքն է որոշում այցելել Ռուսաստան՝ Կիև կատարելիք այցից հետո: Մոսկվան Էրդողանի միջնորդական ջանքին հավանություն տալու համար առաջ քաշեց մինսկյան համաձայնությունների կատարման պայմանը, եթե Անկարան կարողանա հասնել նրան, որ Կիևը կատարի դրանք:
Պետք է փաստենք, որ դա գործնականում անհնարին թվացող է, քանի որ Ուկրաինայի իշխանությունն է անգամ հայտարարում, որ մինսկյան համաձայնությունների ընդունումը կարող է լինել քաղաքական մահվան հավասարազոր: Այդ մասին օրերս հայտարարել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը: Այդպիսով, միջնորդության թուրքական փորձը չի ստացվում և չի բացառվում, որ Էրդողանը այդ պատճառով է որոշել այսպես ասած «Շուշիի հռչակագիրը» բերել առաջին պլան: Դա թերևս Ռուսաստանի հանդեպ հոգեբանական ազդեցության փորձ է՝ Կիև և Մոսկվա Էրդողանի այցից առաջ:
Ստացվում է Թուրքիան, ըստ ամենայնի, փորձում է հիշեցնել Կրեմլին, որ գտնվում է նրա «թիկունքում»: Ավելին, պետք չէ բացառել և այն, որ կարող են որոշակի իրադարձություններ լինել ընդհուպ Ռուսաստանի ներսում, այն գոտիներում, որտեղ Թուրքիան ուժեղ է մահմեդական տարրի միջոցով: Այն մահմեդական տարրի, որով Անկարան սպառնում էր քանդել Ռուսաստանը ներսից՝ 2020 թվականի փետրվարին՝ Մոսկվայից այդպես էլ չարժանանալով որևէ համարժեք պատասխանի: Կհաջողի՞ Էրդողանն իր հոգեբանական ազդեցության փորձում, բարդ է ասել, սակայն այդ հանգամանքը թերևս հրամայական է դարձնում Հայաստանի զգոնությունը բարձրացնելը, քանի որ բացառված չէ, որ Մոսկվայի վրա ճնշումը բարձրացնելու համար Թուրքիան դիմի նաև ռեգիոնալ անկայունության միտված որոշակի քայլերի, եթե չհասնի հոգեբանական-քաղաքական ներգործության:
Հրանտ Հարությունյան