Կոնսպիրոլոգիական ապտակ Թուրքիայից կամ ինչո՞ւ հենց Արարատը
АналитикаՕրերս իր ասուլիսներից մեկի ժամանակ Արարատ Միրզոյանը դեմքի լայն ժպիտով հայտարարել է, որ Հայաստանը կարող է մասնակցել Անթալիայի դիվանագիտական համաժողովին։ «Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, դրական երանգներ հաղորդելուց բացի, այլ բան չկա»,- անվրդով ավելացրել է ՀՀ-ում առանցքային պաշտոն ստանձնած և կասկածելի մութ պատմություններով անցյալ ունեցող մարդը։ Միանշանակ է, որ Միրզոյանը չի թաքցնում ոգևորությունը, որ հնարավորություն է ստեղծվել մեկնելու Անթալիա ու «դրական երանգներ հաղորդելու» մի երկրի, որի անմիջական մասնակցությամբ հազարավոր հայեր են սպանվել։
Ի դեպ չշտապենք դատողություններ ու եզրակացություններ անել, քանի որ դա ոչ թե Արարատ Միրզոյանի անձնական, այլ ՀՀ իշխանության հավաքական մոտեցումն է, Նիկոլ Փաշինյանն ինքը վարչապետի պաշտոնը նույնացրել է Ադրբեջանին ու Թուրքիային դրական ազդակներ հաղորդողի անարժանապատիվ գործի հետ, և ահա Միրզոյանը երկրորդում է նրան։
Այստեղ զարմանալին այն է, որ որևէ մեկի մտքով չի անցնում մտածելու՝ ինչի՞ առթիվ են «դրական երանգներ» հաղորդելու Թուրքիային՝ անսահմանորեն մեծացած Եռաբլուրի՞, հարյուրավոր հաշմված զինվորների՞, թե՞ հազարավոր անտուն արցախցիների պայծառ ճակատագրի։ Այսինքն՝ առաջիկայում Միրզոյանը գնալու է Անթալիա՝ բոլոր այս և այլ արհավիրքների համար շնորհակալությո՞ւն հայտնելու Թուրքիային։ Դատելով սրանց դեմքի հորթային ժպիտներից ու կրավորական կեցվածքից՝ վստահաբար կարող ենք ասել, որ այո՛, որովհետև, եթե մեկը դե ֆակտո թշնամական երկիր է ուղևորվում՝ «դրական երանգներ հաղորդելու», նշանակում է՝ նա փակված է համարում ընդամենը երկու տարի առաջ կատարված աղետի էջը, ու այն փակված համարելով՝ Թուրքիային այլևս անգամ մեղավոր չի համարում այդ աղետների համար։
Հավելենք նաև, որ այս հարցադրումներն ամենևին չեն նշանակում թշնամանքի խորացում, ինչպես փորձում են ու փորձելու են ներկայացնել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հեռանկարից նաև ինքնությունը կորցրած հայ պաշտոնյաները։ Խնդիրն այն է, որ որևէ մեկի հետ արժանապատիվ հարաբերություն չի կարող հաստատվել՝ առանց այդ մեկի կողմից մահացու մեղքերի համար գոնե ապաշխարության կամ դրա քաղաքական դրսևորումների։ Հակառակը՝ այն, ինչ հիմա անում են ՀՀ իշխանությունները, անարժանապատվություն է ու նվաստացում, ինչը գարշելի է ոչ միայն՝ բարոյական տեսանկյունից, այլ ծնելու է նոր ամենաթողություն ու անպատժելիություն, որովհետև Թուրքիան տեսնելու ու հասկանալու է, որ հարյուր տարին մեկ կարող է կոտորել հայերին ու դրա համար ոչ միայն չպատժվել, այլ արժանանալ կոտորվողների «դրական երանգներին»։
Այս ամենից հետո անիմաստ է նման պայմաններում մտածել, որ Արարատ Միրզոյանը կամ որևէ այլ հայ պաշտոնյա Անթալիայում կարող է նույնիսկ փորձել պաշտպանել Հայաստանի շահը, առնվազն անմեղսունակություն է։ Ու ճակատագրի հեգնանքը կամ ողբերգականությունն է, որ հենց Արարատ անունը կրող հայ պաշտոնյան է մեկնելու Անթալիա՝ արդեն նաև Թուրքիայի առաջ կապիտուլյացիան արձանագրելու ու «խաղաղության դարաշրջան» բացելու համար։ Սա թերևս կոնսպիրոլոգիական ապտակ է ողջ հայությանը։ Թեև բացառված չէ, որ խորհրդանիշների վրա շեղված Թուրքիան է պահանջել կամ գուցե խորհուրդ տվել, որ հայկականության ուրացման քաղաքականության առաջամարտիկը կրի հենց այն անունը, որն այդքան զգայուն է՝ ինչպես թուրքերի, այնպես էլ՝ հայերի համար։
Աշոտ Սարգսյան