Վահրամ Դումանյանը տեսակապի միջոցով զրուցել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հետ
ОбществоՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր տեսակապի միջոցով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլի հետ:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով իրանցի գործընկերոջը՝ Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ երկու նախարարների առաջիկա հանդիպումն արդեն կանցկացվի դեմ առ դեմ: Նախարարը նշել է, որ երկու օրից լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այն լավ առիթ է առկա համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու տեսանկյունից:
«Հաճելի է զարգացած ու սերտ հարաբերություններ ունենալ բարեկամական և եղբայրական հարևանի հետ: Ծանոթ եմ Իրանի ուսանողների նվաճումներին, մասնավորապես` ծրագրավորման ոլորտի համաշխարհային մրցույթներում նրանց գրանցած հաջողություններին: Այդ առումով կարևորում եմ բարեկամ Իրանի ուսանողների հետ շփումը և առաջարկում եմ դիտարկել Միջազգային ուսանողական ծրագրավորման համաշխարհային հեղինակավոր մրցույթի (ICPC) շրջանակում ուսանողական թիմերի միջև համագործակցության հնարավորությունը: Մենք բարձր ենք գնահատում նաև Իրանի գիտնականների նվաճումները և կարևորում Հիմնարար գիտությունների հետազոտական ինստիտուտի հետ համագործակցություն ծավալելու հնարավորությունը, ինչպես նաև մաթեմատիկայի և քիմիայի ոլորտում նոր կապերի ստեղծումը»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ առաջարկելով խթանել համագործակցությունը նաև դպրոցների մակարդակում՝ համատեղ ամառային ճամբարների անցկացման և լեզուների ուսուցման շրջանակում:
ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև գիտական, հասարակական և մշակութային համագործակցության առնչությամբ: Նա տեղեկացրել է, որ Իրանում գործում են 44 համալսարան, որոնք համաշխարհային սանդղակում զբաղեցնում են բավականին բարձր տեղեր, տեխնոլոգիական բազմաթիվ պարկեր և գիտելիքահեն ընկերություններ: ԻԻՀ նախարարի փոխանցմամբ՝ Իրանի բուհերի դասախոսները և գիտնականները կարող են տարբեր ոլորտներում համագործակցել ՀՀ բուհերի հետ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով օգտվել Հայաստանի գիտական և մարդկային ներուժից:
«Մենք բարեկամական և եղբայրական ձեռք ենք մեկնում Հայաստանին ու պատրաստ ենք սերտ համագործակցություն ծավալել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, փոխադարձ օգտագործել նորարարությունների ներուժը՝ իրագործելով բոլոր կառուցողական առաջարկները»,- փաստել է Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլը:
Կողմերը քննարկել են նաև համատեղ տեխնոլոգիական պարկեր ունենալու և համապատասխան մասնագետներ պատրաստելու, երկու երկրների ուսանողների շարժունության, դիպլոմների փոխճանաչման և փոխայցերի կազմակերպման վերաբերյալ հարցեր: