Թուրք-ադրբեջանական տանդեմն ու «խաղաղության» մասին հեքիաթը
АналитикаԻնչպես հայտնի է 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը, որոնց հետ ՀՀ իշխանությունները պատրաստվում են խաղաղության դարաշրջան բացել, շարունակում են ամրապնդել իրենց ռազմական ներուժը՝ ամենօրյա ռեժիմով նոր համալրումներ իրականացնելով:
Հետևելով Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին՝ պարզ է դառնում, որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ՊՆ-ն տարին բավականին ակտիվ է սկսել: Բացի թուրք-ադրբեջանական ռազմական շփումների շարունակականության ապահովումից, Զաքիր Հասանովը տարեսկզբին այցելեց նաև Իրան, որտեղ հանդիպումներ ունեցավ նախագահ Իբրահիմ Ռաիսիի, պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի, գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերիի հետ՝ քննարկելով ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: Այցը մեծ հաշվով որակվեց՝ որպես երկու երկրների միջև ռազմական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլ:
Տեղին է փաստել նաև, որ Իրանից հետո Հասանովը երկօրյա այցով եղավ Թուրքիայում, որտեղ հանդիպեց՝ ինչպես Ռեջեփ Էրդողանի, այնպես էլ՝ Հուլուսի Աքարի հետ:
«Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ ուղղված մեր զինված ուժերի զարգացմանը, մեր երկրների ու ազգերի պաշտպանությանը։ Մենք մեծ գոհունակություն ենք զգում նաև մեր բանակների մշտական հզորացումից։ Ադրբեջանն ու Թուրքիան՝ «երկու պետություն, մեկ ազգ», գործադրում են բոլոր ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- հայտարարել էր Աքարը։
Նշենք նաև, որ Աքարը կրկնել էր, որ Էրդողանն ու Ալիևը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Աքարն ու Հասանովը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը։
Այնուհանդերձ կարող ենք արձանագրել, որ ադրբեջանաթուրքական ռազմական համագործակցությունն, ըստ էության, ներկայումս ևս ուղղված է նույն այն երկրների, ուժերի դեմ, ինչ նախկինում, և այս իմաստով պատերազմը ոչինչ չի փոխել: Ըստ էության, Ադրբեջանին Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը տվել է չափազանց դրական պտուղներ, հաղթանակ, ուստի Ադրբեջանը շարունակում է և շարունակելու է խորացնել այդ համագործակցությունը, առավել ևս՝ այն դեպքում, երբ Արցախի հարցը վերջնական կարգավորված ու փակված չէ:
Դրան զուգահեռ՝ հասկանալի չէ , թե այս օրերին ինչ է կատարվում ՀՀ պաշտպանական ու անվտանգային համակարգում։ Պատերազմից մեկ տարուց ավելի անցել է, և որևէ պրակտիկ գործողություն, քայլ նկատելի չէ երկրի պաշտպանունակության, անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Աներկբա է, որ նման մաշստաբների պատերազմից անմիջապես հետո պարտվող կողմը պետք է ձեռնամուխ լիներ երկրի ԶՈՒ ակտիվ վերականգնմանը, որը տեսանելի չէ: Միակ բանը, որ կարելի է նկատել, այն է, որ Փաշինյանն իրականացրեց իր գործառույթը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, և ղեկավարեց ՀԱՊԿ զորքերի մուտքը Ղազախստան, որը քաղաքական իմաստով նրա օգտին էր, իսկ ԶՈՒ ամրապնդման, ուժեղացման տեսանկյունից՝ դատարկություն։
Ակնհայտ է, որ Փաշինյանի կողմից՝ տարածաշրջանում, այսպես կոչված, «Խաղաղության դարաշրջան» բացելու հեռանկարները չափազանց մշուշոտ են: Այն, ինչ առաջարկում է Ռուսաստանը, և կարծես Հայաստանն ու Ադրբեջանը դրան համաձայնել են՝ կապուղիների ապաշրջափակում, հիմքեր է ստեղծում խաղաղության համար, բացի դրանից, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանի դեմարկացիա իրականացնեն, առանց դրա խաղաղություն չի լինելու, Ադրբեջանն անընդհատ փորձելու է իր համար ինչ-որ բան փախցնել, կորզել, ուժի իրավունքով առաջնորդվել: Այս ֆոնին դժվար է ասել նաև, թե ինչ կլինի ճանապարհների հետ՝ այստեղ շատ է քաղաքականությունն ու տնտեսությունը:
Կարեն Սարգսյան