Վահան Քերոբյանը հայտարարում է ներդրումների «տպավորիչ աճի» մասին
ЭкономикаՈւնենք տպավորիչ աճ եւ՛ օտարերկրյա, եւ՛ ուղղակի ներդրումների մասով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա չկիսեց այն կարծիքը, թե բյուջեի եկամուտներն աճել են միայն գնաճի հաշվին։ Ըստ նրա՝ օրինակ կարող են ծառայել ներդրումների ցուցանիշները, որոնք բարելավվել են 2019 եւ 2020 թվականների տվյալների համեմատ։
«Ներդրումներ են իրականացվում նաեւ Սյունիքի մարզում։ Մենք անում ենք ամեն ինչ՝ դրանք ավելացնելու համար»,- վստահեցրեց նախարարը։
Վահան Քերոբյանն ընդգծեց, որ 2021 թվականին ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 5,6-5,8%, իսկ ՀՆԱ-ի անվանական ցուցանիշը 7 տրիլիոն դրամից փոքր-ինչ ցածր է եղել։ «Սա 2019-ի ցուցանիշից (6,5 տրիլիոն դրամ) բարձր է։ Սակայն իրական գների մասով չենք վերականգնվել»,- խոստովանեց նա։