Բելգիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինան
Международные новостиԲելգիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Ուկրաինայի տարածքում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը՝ չերաշխավորելով տարհանման հնարավորությունն իրավիճակի սրման դեպքում, նշված է շաբաթ օրը գերատեսչության կայքում հրապարակված ճանապարհորդների համար թարմացված առաջարկություններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բոլոր ուղեւորություններն Ուկրաինայի ամբողջ տարածք կտրականապես խորհուրդ չեն տրվում։ Այն քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են Ուկրաինայում եւ որոնց ներկայությունը բացարձակապես անհրաժեշտ չէ, խստորեն խորհուրդ է տրվում լքել երկիրը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունում նշել են, որ «2021 թվականի նոյեմբերից ի վեր Ուկրաինայի՝ Ռուսաստանի եւ Բելառուսի սահմաններին լարվածությունն աճում է, իրավիճակը ծայրաստիճան անկանխատեսելի է»։
«Պետք է հաշվի առնել, որ իրավիճակի հանկարծակի վատթարացման դեպքում Ուկրաինայում կարող են խաթարվել կապը, այդ թվում՝ հեռախոսային եւ ինտերնետը։ Դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ օդանավակայանների շահագործման համար եւ խոչընդոտել օդային հաղորդակցությանը»,- ընդգծվում է առաջարկություններում։
Բելգիայի ԱԳՆ-ն նաեւ նախազգուշացնում է քաղաքացիներին, որ «եթե Ուկրաինայում իրավիճակը վատթարանա, տարհանումը չի կարող երաշխավորվել։ Ուստի խորհուրդ է տրվում լքել երկիրը, քանի դեռ դա հնարավոր է»։
ԵՄ-ի նախօրեին թույլ տվեց Ուկրաինայում իր ներկայացուցչության ոչ հիմնական անձնակազմին լքել երկիրը։ Միաժամանակ Եվրամիության արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ անձնակազմի տարհանման մասին դեռ խոսք չկա։