Ու՞ր է իր հետ տանելու Ալեն Սիմոնյանը նախագահի պաշտոնը
ОбществоԱլեն Սիմոնյանին կարելի է ընդունել կամ չընդունել, սիրել կամ չսիրել, ի վերջո, դա քաղաքական նախընտրությունների ու ճաշակի հարց է, բայց չսիրել ու չընդունել պետական ինստիտուտները, տարօրինակ է ու անհասկանալի:
Ընդ որում, այդ ինստիտուտները ձևավորող քաղաքացու քվեին ոչ մեկ չի կասկածել, պիտակավորել են, անվանել ժեխ ու հազար ու մի զրթուզիբիլ, բայց օրինականության հետ կապված կասկածներ չկա, ամեն ինչ հստակ է. այս իշխանությունը միանձնյա ղեկավարելու մանդատ ունի:
Այս պարագայում, ինչի համար է ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանին հանդիպելու գնացած մտավորականներին դատափետելու այս մարմաջը: ՈՒ՞մ հետ, ի վերջո, պետք է հանդիպի մտավորականը՝ խնդիրները վեր հանելու և լուծումներ որոնելու համար: Ի վերջո, դուք տանուլ եք տվել ընտրությունները՝ դա ձեզ ներելի է, բայց ձեզ հաղթած իշխանությանը հանդիպելը աններելի՞:
Ե՞րբ ենք, ի վերջո, դադարելու ապրել երկակի ստանդարտներով:
Ե՞րբ ենք հասկանալու, որ խնդիրների լուծման բանալին իշխանության մոտ է, ու մշտապես հայհոյելու և թշնամանք հրահրելու փոխարեն պետք է գնալ, խոսել, դեմ առ դեմ քննադատել:
Ի վերջո, Ալեն Սիմոնյանը քաղաքական գործիչ է, ով մի օր կարող է տեղափոխվել այլ ոլորտ՝ աշխատանքի: Բայց նախագահի պաշտոնը հետը չի տանելու: Մինչդեռ այս ցեխարձակումներով դուք այնքան եք ամեն ինչ անլրջացնելու և պլինտուսի մակարդակի իջեցնելու, որ պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի վերջին փշրանքները կորցնելու ենք՝ մեր պատմությունը վերածելով անգլուխ ցեղախմբի խղճուկ տարեգրության:
Վահան Մինասյան