Անիծյալ գույքի անհասկանալի ապագան
АналитикаԻնչպես ասում են «վերջապես սառույցը շարժվեց»․ կառավարությունը որոշել է, յոթ անգամ աճուրդում չվաճառվելուց հետո, ամեն գնով ազատվել անհատույց ստացած՝ Ծաղկաձորում գտնվող հայտնի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրից։ Դրա համար ոչ միայն էապես նվազեցվել է նախնական գինը, այլև գնորդին տրվել է գումարը տարաժամկետ վճարելու չափազանց արտոնյալ հնարավորություն. ոչ ավել, ոչ պակաս՝ 5 տարի ժամանակ։
Ստացվում է՝ փողը, որը պետությունը պիտի ստանար այդ գույքի վաճառքից անմիջապես հետո, ստանալու է 5 տարվա ընթացքում։ Հինգ տարի հետո, կասկած չկա, որ այդ գումարի իրական արժեքը շատ ավելի փոքր է լինելու, քան այսօր է։ Ասվածին գումարենք, որ այն վաճառվեց ի սկզբանե գնահատված արժեքից 5 մլն դոլարով ցածր գնով։ Երբ այս գույքը «նվիրաբերվեց» կառավարությանը, այն գնահատվում էր 7,5 մլրդ դրամ։ Այդ գնով էլ սկզբում ներկայացվեց աճուրդի։ Բայց ի վերջո վաճառվեց 5 մլրդ դրամով։ 2,5 միլիարդով ավելի ցածր գնով, քան ի սկզբանե ակնկալվում էր։ Ի դեպ նշենք, որ անցած տարի Ծաղկաձորում անշարժ գույքը թանկացել է գրեթե 16 տոկոսով։
Նշենք նաև, որ այս գործարքի հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում։ Տարաժամկետ վճարումները շատ ռիսկեր են պարունակում։ Օրինակ անհասկանալի է, թե ի՞նչ է լինելու, եթե 1 կամ 2 տարի հետո գնորդը սնանկանա, իսկ գույքը գրավադրված լինի բանկում՝ վարկերի դիմաց, ո՞վ պիտի վճարի պետության փողերը։ Համաձայնեք․ որ սրանք հարցեր են, որոնց պատասխաները մշուշոտ են։
Միանշանակ հասկանալի է, որ այս ընթացքում այդ գույքը հասցրել է նաև մաշվել։ Բայց 2,5 տարում կարո՞ղ էր այնքան մաշվել, որ կորցներ իր արժեքի մեկ երրորդը։ Նույն է թե՝ 2,5-3 տարի առաջ Ծաղկաձորում 45 հազար դոլարով վաճառքի հանված բնակարանի գինն այսօր դարձած լինի 30 հազար դոլար, երբ այդ ընթացքում անշարժ գույքի գները բարձրացել են 15-16 տոկոսով։ Եթե բարձրացել են, նշանակում է՝ բոլորի գներն էլ բարձրացել են։ Մի դեպքում՝ դա կարող է լինել ավելի շատ, մյուս դեպքում՝ ավելի քիչ։ Բայց ընդհանուր պատկերը չի կարող շատ տարբերվել։
Ի դեպ՝ երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, պետությանը պատկանող բազմաթիվ անշարժ գույքերի վաճառքի գործարքների հետ կապված գործեր հարուցեցին՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք ժամանակին իրական արժեքից ցածր են գնահատվել, գնահատված ցածր գնով էլ վաճառվել են, ինչի հետևանքով պետությանը ֆինանսական մեծ կորուստներ են պատճառվել։ Ամեն դեպքում՝ 2,5 կամ նույնիսկ 3 տարում գնահատված գնի մեկ երրորդով նվազեցումը որոշակի կասկածներ է առաջացնում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ ընթացքում գույքը հասցրել է որոշ չափով մաշվել։ Տպավորություն է, որ ամեն ինչ արել են, որպեսզի գործարքը կայանա։ Ի վերջո, 7 անգամ աճուրդում ներկայացնելուց հետո չկարողանալով վաճառել՝ կառավարությունը հայտնվել էր բավական անհարմար վիճակում։ Մարդիկ պարզապես մոտ չէին գալիս այնպիսի մի գույքի, որը հայտնի չէ, թե ինչ պայմաններում էր հայտնվել կառավարության ձեռքում։ Ուստի կառավարությունը խնդիր ուներ ցույց տալու, որ այդպիսի գույքն էլ գնորդ ունի։ Դրա համար էլ հավանաբար գնացել է նման զիջումների։ Ոչ միայն էապես նվազեցրել է վաճառքի գինը, այլև երկարաժամկետ վճարելու հնարավորություն է տվել։
Ավելին՝ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինչո՞ւ են այդքան առատաձեռն գտնվել, ձեռքի հետ էլ վաճառքի գործարքում գրել են, որ գնորդը պարտավորվում է 4,5 մլրդ դրամի ներդրումներ անել և առնվազն 100 աշխատատեղ բացել։ Պարզ է, որ սա ավելի շատ ձևական պահանջ է։ Այսպես թե այնպես, գնորդն այդ ներդրումներն անելու էր, որպեսզի կարողանար համալիրն աշխատացնել։ Իսկ եթե պիտի աշխատացներ, բնական է, որ նաև աշխատողներ պիտի ունենար։ Հազիվ թե կարելի է կարծել, որ գործարարը 10 մլն դոլար պատրաստ է վաճարել մի գույք ձեռք բերելու համար, որը հետո չպիտի աշխատի։
Արսեն Ահարոնյան