Ալիևի ներքաղաքական կտերը․ պատ երկու քայլից
АналитикаՎերջին շրջանում ադրբեջանական «ոչ պաշտոնական» պրոպագանդայի տիրույթում բաց տեքստով խոսում են այդ երկրում «գունավոր հեղափոխության» գործընթացների «մեկնարկի» մասին, որն ըստ այդ պրոպագանդայի միջոցների, տրվել է Արևմուտքում, մասնավորապես ԱՄՆ գլխավորությամբ: Այդ էջերում արդեն մատնացույց են արվում անուններ, որոնք Ադրբեջանում, ըստ Բաքվի «գունավոր վախերի», պատրաստվում են կազմակերպել երիտասարդական ընդվզման մեծ ցանց: Ու թեև առայժմ փորձ է արվում այդ վախերը ներկայացնել պաշտոնական Բաքվից առանձին, այդուհանդերձ անկասկած է, որ դրանք արտահայտվում են համաձայնեցված:
44-օրյա պատերազմում, լինելով հաղթող կողմ, Ալիևն, այդուհանդերձ, լավ պատկերացնում է, որ դրանով իր խնդիրները ոչ միայն չի լուծել, այլ թերևս արդեն հայտնվել է դրանց առաջ առավել «մերկ» վիճակում: Եթե Ադրբեջանի հանրության հետ հարաբերություններում նա «հագնում» էր «Ղարաբաղը հետ բերողի» այսպես ասած քարոզչական պատմուճանն ու դրանով լռեցնում ադրբեջանցիներին, ապա այսօր արդեն նա այդ «հարցը լուծել» է, հետևաբար զրկվել ներադրբեջանական հարաբերություններում իր այդ գլխավոր և միակ փաստարկից: Այսինքն, ներքին լսարանի համար նա այլևս սեփական իշխանությունը պահելու որևէ նոր միֆ չունի։
Տրամաբանական է, որ ներքին լսարանի առաջ Ալիևը չէր կարող հայտարարել, թե հաղթել է, բայց չի լուծել ղարաբաղյան հարցը: Հետևաբար ստիպված էր ասել, որ հաղթել է և լուծել: Իսկ այդտեղ առաջանում է երկու այլ հարց: Նախ, եթե հաղթել են, ապա ինչո՞ւ Ստեփանակերտում և Արցախի մնացյալ կեսում ոչ թե ադրբեջանա-թուրքական, այլ փաստացի ռուսական կամ հայկական, կամ հայ-ռուսական ռազմա-քաղաքական ներկայություն է, և երկրորդ, որն ավելի առնչվում է Ադրբեջանի ներքին խնդիրներին, կոռուպցիա և այլն:
Ըստ էության՝ ահա թե ինչու է Բաքուն մի կողմից անցել «գունավոր հեղափոխության» դեմ հակաքարոզչության, մյուս կողմից սկսել է ինտենսիվ կերպով տարփողել իբրև թե հայկական ազգայնական ռևանշի մասին: Պարզ է, որ այդ կերպ Ալիևը մտադիր է լռեցնել Ադրբեջանի ներհասարակական բողոքներն ու պահանջները՝ մի կողմից չհրաժարվելով «հաղթանակի» և հարցը լուծելու մասին իր պնդումներից, մյուս կողմից ազդարարելով, որ այդուհանդերձ կա հայկական կողմից մշտական վտանգ:
Այնուհանդերձ տեղի ունեցող գործընթացներից կարող ենք եզրակացնել, որ նման գործելաոճով Ալիևը փորձում է փրկել իր իշխանությունը։ Նա շատ փայլուն հասկանում է, որ հետպատերազմյան փակուղին, որն առաջացել է երկրի ներսում, ինչպես նաև համաշխարհային իրողությունները, իրեն դնում են խաղից դուրս:
Հակոբ Արամյան