ՀՀ հերթական անհեռատես քայլը
АналитикаԱյս օրերին իրավիճակը Դոնբասում հասել է գագաթնակետին, ինչը կապված է անվտանգության երաշխիքների՝ ռուսական պահանջների շուրջ տարեսկզբից սկսված Ռուսաստան-Արևմուտք բանակցությունների տապալման հետ:
Անկախ այն փաստից, որ հունվարի 12-ից Ռուսաստանն աննախադեպ թվով դիվանագիտական պատվիրակություններ է ընդունել հիմնականում եվրոպական երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Հունաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, լարումից խուսափել չի հաջողվում։ Ի դեպ, փետրվարի 15-ին տեղի էր ունեցել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց, որի վերաբերյալ կարճ հաղորդագրություն էր տարածել ՌԴ ԱԳՆ-ն, իսկ հաջորդ օրը կայացել էր Լավրով-Բայրամով զրույց, որի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ կայքում առկա հաղորդագրությունը բովանդակությամբ ու շեշտադրումներով հարուստ էր, էապես տարբերվող Միրզոյանի հետ զրույցի հաղորդագրությունից, որը բնութագրում է ներկայումս հայ-ռուսական հարաբերությունների բնույթը։
Նշենք, որ լրատվականներում տարածված հաղորդագրության համաձայն՝ Դոնեցկում և Լուգանսկում ամենաակտիվ գնդակոծություններ են ընթանում, ինչի հետևանքով վնասվել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ավելին, այդ շրջանի բնակչությանը տարհանում են Ռուսաստան: Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը հրամանագրեր են ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Նշենք, որ վերջին տվյալներով դեպի Ռուսաստան է էվակուացվել Դոնբասի շուրջ 36 հազար բնակիչ։
Ըստ ռուսական փորձագիտական շրջանում տարածված տեսակետի՝ Կիևը չի ցանկանում կատարել Մինսկի համաձայնությունները, իսկ Արևմուտքը՝ բանակցել Ռուսաստանի հետ։ Արևմտյան վարկածի համաձայն՝ Ռուսաստանը պատրաստվում էր հարձակվել Ուկրաինայի վրա դեռևս փետրվարի 16-ին։ Սակայն արևմտյան այս կանխատեսումը չիրականացավ։ Այնուամենայնիվ օրերս Սպիտակ տանը Ջո Բայդենը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի մասին՝ ասելով. «Պուտինն արդեն որոշել է հարձակվել Ուկրաինայի վրա»: Միաժամանակ նա ասել է, որ դեռ գոյություն ունի խնդիրը դիվանագիտական եղանակով լուծելու հնարավորություն: Այդ առումով Բայդենն ասել է, որ փետրվարի 24-ին Եվրոպայում կհանդիպեն Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը, «պայմանով, որ մինչ այդ պատերազմ չի սկսվի»:
Ի դեպ նշենք, որ Կիևը հատկապես տարեսկզբից ակտիվ սպառազինվել է արևմտյան երկրների կողմից, թեև հնարավոր պատերազմի դեպքում արևմտյան ղեկավարներ ու դիվանագետներ հայտարարել են, որ տեղում որևէ գործողության չեն դիմելու, Կիևը նաև հայտարարում է օկուպացված տարածքները ետ բերելու ծրագրերի մասին։ Իր հերթին՝ ՌԴ-ն հունվարից 150 հազարանոց ուժեր է կենտրոնացրել ռուս-ուկրաինական սահմանին և համատեղ զորավարժություններ է իրականացնում Բելառուսի հետ։
Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը պլանային ուսումնական զորավարժություններ է սկսել միջուկային եռյակի ուժերի մասնակցությամբ։ Միջուկային եռյակը ներառում է ռազմավարական ավիացիա, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ և սուզանավային հրթիռակիրներ։ Հարկ է նշել նաև, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում շարունակվում է զորքերի օպերատիվ պատրաստության լայնածավալ միջոցառումների համալիրը, որին մասնակցում են գրեթե բոլոր ռազմական շրջանները, նավատորմերը և օդադեսանտային ուժերը։
Տարեսկզբից արևմտյան մեղադրանքներին, թե Ռուսաստանը հարձակվելու է, ռուսական կողմն արձագանքել է՝ հերքելով այդ լուրերը, սակայն ՌԴ ղեկավարի մակարդակով ուղիղ հերքում ևս չի եղել, ինչը գրավում է վերլուծաբանների ուշադրությունը։ Այդ իրադրության ֆոնին ԵՄ-ն աշխարհաքաղաքական դիրքորոշումներով մասնատված է՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանին ընդառաջ հայտարարություններ է անում, Էմանուել Մակրոնը՝ ցանկանում միջնորդական դեր ստանձնել, Բորիս Ջոնսոնը սպառնում է՝ Ռուսաստանը բարձր գին է վճարելու։ Ահա այս ֆոնին Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին մեկնել է Մյունխեն՝ մասնակցելու 58-րդ անվտանգության համաժողովին:
Տիգրան Մկրտչյան