ՀՀ տնտեսական վակխանալիան
АналитикаՎերջերս վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշը։ Ծանոթանալով այդ փաստաթղթին՝ պարզ է դառնում, որ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում 2020թ. արձանագրված անկման ֆոնին աճ կա, տարօրինակ կլիներ, եթե այդ աճն էլ չլիներ, բայց ավելի ցածր, քան նախորդ տարվա նվազումն էր։ Նախորդ տարի տնտեսական անկումը կազմել էր 7,4 տոկոս, դրա վրա, 2021թ. նախնական տվյալներով՝ աճը 5,7 տոկոս է (խոսքը ոչ թե ակտիվության, այլ զուտ տնտեսական աճի մասին է)։
Ակնհայտ է, որ 5,7 տոկոս տնտեսական աճը զգալիորեն պակաս է նաև կառավարության ակնկալիքներից։ Անցած տարվա վերջին ներկայացրած 2021թ. պետբյուջեի նախագծով կառավարությունը կանխատեսել էր 6,5 տոկոս տնտեսական աճ, ստացվում է, փաստացի, աճը 0,8 տոկոսային կետով ավելի ցածր է եղել։ Տնտեսությունը չի կարողացել անգամ ամբողջությամբ հետ բերել կորցրածը։
Զավեշտալին այն է, որ այդքանից հետո վերջերս կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի իսկական ներկայացում էին սարքել մեր տնտեսության անցած տարվա «փայլուն» զարգացումների վերաբերյալ։ Իրար հերթ չտալով՝ բերում էին ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ցուցանիշները՝ առանձնացնելով Հայաստանի տնտեսության աճի բարձր դիրքը։ Ըստ էության, 5,7 տոկոսն իսկապես բարձր աճ է ԵԱՏՄ-ում, բայց զուտ այն պատճառով, որ նախորդ տարվա անկումն էլ մեծ էր։ Ու եթե ԵԱՏՄ երկրների մեծ մասում, բացառությամբ Ղրղըզստանի, տնտեսությունը հետ է բերել ճգնաժամային տարվա ընթացքում կորցրածը և մի բան էլ զարգացում է ապահովել, Հայաստանի տնտեսությունը դեռևս 2019թ. մակարդակին չի հասել։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2021թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում գրանցվել է 3,25 տոկոսանոց անկում։ Երկրորդում աճը եղել է՝ 13,29, երրորդում՝ 2,96, իսկ չորրորդում՝ 9,03 տոկոս։ Միանշանակ սա այն աճը չէ խորը անկումից հետո, որի համար պետք է հպարտանալ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ անցած տարի Հայաստանը պարտքերի տեսքով նաև բավական մեծ ծավալի ֆինանսական միջոցներ է ներգրավել դրսից ու ներսից, որոնք պիտի նպաստեին տնտեսական գործընթացների ակտիվացմանը։ Խոսքն ավելի քան 1,2 մլրդ դոլարի մասին է։ Եթե չլինեին այդ հսկայական գումարները, դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչքան կլիներ մեր տնտեսության աճը։
Սակայն ինչպես ցույց են տալիս արդյունքները՝ անգամ այդքան մեծ պարտքեր ներգրավելուց հետո մեր տնտեսության վերականգնման տեմպը շատ դանդաղ է տեղի ունեցել։ Բազմաթիվ երկրներ արդեն վաղուց դուրս են եկել զարգացման տեմպի վրա, իսկ մենք դեռևս դոփում ենք տեղում։ Օրինակ՝ հարևան Վրաստանում անցած տարվա տնտեսական աճը գրեթե կրկնակի բարձր է եղել, քան մեր դեպքում։
Ակնհայտ է, որ մեր տնտեսության աճի որակը շատ վատ է։ Ինչպես նախկինում, այն հիմնված է առաջին հերթին՝ առևտրի ու ծառայությունների ոլորտների վրա։ Դրանց մասնակցությունը 5,7 տոկոս տնտեսական աճին եղել է 3,61 տոկոսային կետի չափով։ Տնտեսական աճը նստած է եղել մեծամասամբ առևտրի ու ծառայությունների վրա, այնինչ՝ դրանց ստեղծած հավելյալ արդյունքն այն չէ, ինչ կարող էր լինել տնտեսության իրական հատվածում։ Առևտուրն ու ծառայություններն այն ոլորտները չեն, որոնք ապահովում են խթաններ տնտեսության համար, ստեղծում են հիմքեր հետագա կայուն և երկարաժամկետ զարգացումների համար։ Ցածր է դրանց՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական նշանակությունը։ Սակայն, ինչպես տեսնում ենք, առևտրի և ծառայությունների դերը անցած տարի ևս մեծ է եղել տնտեսական աճի ձևավորման գործում։ Աճին նպաստելու առումով գրեթե 63 տոկոսը բաժին է ընկել միայն այս երկու ոլորտներին։
Դրան զուգահեռ՝ արդյունաբերության մասնակցությունը տնտեսական աճի ձևավորման գործում շարունակում է շատ ցածր լինել։ 5,7 տոկոսից ընդամենը 0,83 տոկոսն է բաժին ընկել արդյունաբերությանն ու էներգետիկային։ Շինարարության ազդեցությունն ավելի փոքր է եղել. այն կազմել է հազիվ 0,18 տոկոս։ Գյուղատնտեսությունը տարեկան կտրվածքով բացասական նպաստում է ունեցել տնտեսական աճին, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ տնտեսության այս ճյուղը կրկին անկումային է՝ նախորդ 3 տարիների անընդմեջ անկումներից հետո։
Ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության զարգացման որակը։ Մեր տնտեսությունը բախվել է բազմաթիվ մարտահրավերների ու առայժմ չի կարողանում հաղթահարել այս ծանր շրջափուլը։ Թվում էր, թե պատերազմի ավարտից հետո տնտեսական իրավիճակը կնորմալանա այնքան, որ գոնե հնարավոր կլինի վերադարձնել նախորդ տարվա կորուստները, սակայն դա նույնպես չի հաջողվել իրականացնել։
Տիգրան Մկրտչյան