«Ամենամեծ վնասը կարող է հասցնել խուճապը». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների ֆոնին ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ռուբլին արժեզրկվել է: Ռուսաստանի խոշոր ընկերությունների նկատմամբ շարունակում են պատժամիջոցներ կիրառվել:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, Հայաստանում հստակ քայլերի կարիք կա, որոնցով հնարավոր կլինի գոնե մեղմել նշված իրավիճակի հնարավոր ազդեցությունը: «Արևմտյան պատժամիջոցներից բխող հնարավոր սպասումներով պայմանավորված՝ կանխատեսելի էր, որ ռուսական ռուբլին արժեզրկվելու է:Բացի ռուբլուց հրաժարվելուց, օտարերկրացիները շտապում են ազատվել ռուսական ընկերությունների բաժնետոմսերից: Այս ամենը բացասական սպասումներ է առաջացնում, և արդյունքում ռուբլին արժեզրկվում է: Մարդիկ իրենց խնայողությունները վերածում են արտարժույթի՝ հնարավոր կուրուստներից խուսափելու համար: Վերջին 2-3 օրվա ընթացքում բավականին մեծ տատանումներ եղան շուկայում, ռուբլին արժեզրկվեց, հետո արժևորվեց, բայց, այնուամենայնիվ, արժեզրկված վիճակը որոշակի ժամանակ կպահպանվի, քանի դեռ պահպանվում են պատժամիջոցներն ու բացասական սպասումները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Նա հիշեցրեց՝ Հայաստանի համար Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է բոլոր առումներով. «Այդ թվում՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական:2014-ից ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի հիմնական դերակատարը ՌԴ-ն է: Անցած տարի մենք 867 մլն դոլարի չափով ապրանք ենք արտահանել Ռուսաստան, որը 2020-ի համեմատ ավելի էր մոտ 24 տոկոսով: Այսինքն, դինամիկ աճում է դեպի ՌԴ մեր արտահանումը՝ պայմանավորված թե՛ ԵԱՏՄ-ով, թե՛ փոխադարձ տնտեսական նախագծերով և այլն: Ռուբլու արժեզրկումը մեծ հարված կարող է հասցնել առաջին հերթին մեր արտահանողներին, քանի որ ռուսական շուկայում մեր ապրանքն ավելի կթանկանա: Ենթադրենք, հիմա 1 շիշ կոնյակն արժե 1000 ռուբլի, բայց այս արժեզրկման հետևանքով ՌԴ շուկայում այն կդառնա 1300 ռուբլի: Թանկացման պատճառով մեր ապրանքը կկորցնի մրցունակությունը: Այս երևույթն, ընդհանուր առմամբ, ուղղակի կարող է ազդել մեր արտահանողների վրա»:
Ս. Պարսյանը նաև հավելեց՝ Ռուսաստանից տարեկան 845 մլն դոլարի չափով տրանսֆերտներ ենք ստանում, որը մեր ընդհանուր տրանսֆերտների մոտ 41 տոկոսն է: «Անկախացումից ի վեր Ռուսաստանը մեզ համար արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական ուղղություն է եղել: Մարդիկ մեկնում են ՌԴ, գումար աշխատում և ուղարկում հարազատներին: Այդ գումարները հիմա արժեզրկվել են: Ենթադրենք, ամեն շաբաթ հայաստանցին իր ընտանիքին ուղարկում էր 1000 ռուբլի, որը մեր գումարով 7000 դրամ էր: Հիմա այդ 1000 ռուբլին դառնալու է 5000 դրամ: Այսինքն, Հայաստանում ապրող իր ընտանիքի անդամը կորցնելու է իր գումարի մասը, հետևաբար՝ նաև գնողունակությունը: Ուրեմն, այս իրավիճակը ուղղակիորեն կարող է ազդել նաև Հայաստանի ներսում առկա սպառման ծավալների վրա, ինչն իր հերթին կհարվածի և՛ առևտրի, և՛ ծառայությունների ոլորտներին՝ նաև երկարաժամկետ առումով»,-նշեց տնտեսագետը:
Տնտեսագետը շեշտեց՝ Հայաստանում ռուսական մայր ընկերությունների դուստր ընկերություններ կան. «Կիրառվող արևմտյան պատժամիջոցները, հնարավոր է, ավտոմատ կերպով արտացոլվեն նաև Հայաստանում գործող ընկերությունների վրա: Այս ուղղությամբ կառավարությունը մեծ անելիք ունի, որ գոնե Հայաստանում գործող դուստր ընկերությունները զերծ մնան պատժամիջոցներից: Դա թույլ կտա մեր տնտեսական վիճակը հնարավորինս կայուն պահել: Իրականում աշխարհի բոլոր երկրները տուժելու են այս պատժամիջոցներից, բայց Հայաստանի դեպքում հնարավոր ռիսկերն անհամեմատ մեծ են: Այդ ռիսկերը պետք է փորձել նվազեցնել կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի, Ազգային ժողովի համատեղ ու ներդաշնակ աշխատանքի միջոցով: Պետք է համալիր լուծումներ գտնել, քանի որ զուտ մեկ-երկու քայլով հնարավոր չէ իրավիճակը փոխել»:
Նրա խոսքով, տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա տեսանելի կլինեն մի քանի ամիս կամ միգուցե մեկ տարի հետո: «Դրանք, ամեն դեպքում, ի հայտ են գալու, ու պետք է նախապատրաստվել: Բայց այս պահին որևէ տեղեկություն չկա, թե կառավարությունն ինչ քայլեր է արել այս ուղղությամբ: ԿԲ-ն հայտարարում է, որ «պատրաստ ենք», բայց հայտնի չէ, թե այդ պատրաստականությունն ինչով է արտահայտվում: Միևնույն ժամանակ, հանրության մեջ բավականին մեծ անվստահություն, նաև տագնապ կա: Կառավարությունը դրական ազդակներ պետք է փոխանցի հանրությանը՝ նշելով, որ գումարներն ապահով են, հարկ չկա հաշիվներից հանել դրանք: Պետք է ընդգծի այդ հարցում պետության երաշխավորությունը, որ մարդիկ շարունակեն հանգիստ լինել: Այդպիսով հնարավոր կլինի տնտեսությունը հնարավորինս զերծ պահել ցնցումներից, կորուստները կհասցվեն նվազագույնի»:
Տնտեսագետը նշեց, որ վերջին օրերին շատերն են իրենից խորհուրդ հարցնում` ի՞նչ անել ռուսական բանկերում ունեցած գումարների հետ՝ հանե՞լ, թե՞ ոչ. «Ես խորհուրդ եմ տալիս գումարները պահել բանկերում: Այս պահին փոխանցումների մասով խնդիր չկա: Հայաստանից շատ հանգիստ հնարավոր է դոլար, եվրո փոխանցել, մեր քարտերն աշխատում են: Այստեղ ամենամեծ վնասը կարող է հասցնել խուճապը, որը պետք է բացառել: Չպետք է կանխիկացնել մեծ գումարներ, որովհետև նման չափով կանխիկացումներն ու դրանից բխող խուճապը կարող են ավելի մեծ հարված հասցնել տնտեսությանը և հենց իրենց՝ քաղաքացիներին»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում