Սարգիս Հովսեփյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու պատճառների մասին
СпортԿարծում եմ՝ եթե ամեն ինչ նորմալ լիներ, Հենոն հավաքականում իրեն զգար, ինչպես տանը, այդպիսի որոշում չէր լինի: Մեկ անգամ ֆեդերացիան նրան սատար չկանգնեց: Այսպես հեշտությամբ բաց թողեցինք, մեղադրեցինք, նեղացրինք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը՝ մեկնաբանելով իտալական «Ռոմայի» 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունը ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։
«Տխուր է, որ Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստը հեռանում է ազգային հավաքականից: Կուզեի, որ նա երկար խաղար մեր հավաքականում: Բոլորն էլ հասկանում են, որ նրա մակարդակի ֆուտբոլիստ երբեք չենք ունեցել եւ, դժվար էլ, ունենանք: Սա նրա որոշումն է եւ բոլորս պետք է ընդունենք այն:
Ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանի կողքին չկանգնեցին այն ժամանակ, երբ հավաքականի պարտությունների մեղադարանքները միայն նրա հասցեին էին հնչում:
Այդպես էլ չհասկացա, թե ինչու էին միայն Հենոյին մեղադրում, երբ մեր թիմը պարտվում էր 0:5 հաշվով: Տպավորություն էր, թե պաշտպանը միայն Հենոն էր:
Ցավալի է, որ պարտություններից հետո ոչ ֆեդերացիան, ոչ տնօրինությունը չէին կանգնում Հենոյի թիկունքին, չէին ասում՝ մենք բոլորս ենք պարտվել, ինչո՞ւ եք մեղադրում միայն Մխիթարյանին: Այս ամենն իր ազդեցությունը թողել է, այդ պատճառով էլ Հենրիխ Մխիթարյան հեռանում է:
Եթե ամեն ինչ նորմալ լիներ, Հենոն հավաքականում իրեն զգար, ինչպես տանը, այպիսի որոշում, իմ կարծիքով, չէր լինի: Ամեն ինչ նրանից է եկել, որ ինքն իրեն «կոմֆորտ» չէր զգում մեր հավաքականում: Ոչ թե տղաների վերաբերմունքից, այլ կողքի. անընդհատ մեղադրանքներ, իսկ թիկունքին ոչ ոք չէր կանգնում, չէր բարձրաձայնում, որ 0:5 պարտությունը Հենոյի մեղավորությունը չի:
Եթե ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվում է եւ 20 ֆուտբոլիստից մեղադրվում է միայն կիսապաշտպանը, դա աննորմալ է: Չէ՞ որ ամբողջ թիմն է պարտվում: Խնդիրը, մեծամասամբ, պաշտպանությունում է. ուրեմն վատ են պաշտպանվել: Բայց պաշտպաններին էլ պետք չի մեղադրել հավաքականի պարտություններում:
Յուրաքանչյուր պարտությունում բոլորն են մեղավոր: Այդ դեպքում՝ ինչպե՞ս է ստացվում, որ հաղթանակների ժամանակ ազգային հավաքականն է հաղթում, ասում են՝ հավաքականը հաղթեց. մոռանում են՝ ով էր գոլեր խփում, գոլային փոխանցումներ անում: Հենց պարտվում էր թիմը, մի հոգու էին թիրախավորում: Այս ամենն, ի վերջո, ազդեցություն ունեցավ եւ նա հիասթափվեց, չի ուզում գա, որովհետեւ այդ նեգատիվը զգում է, թե ինչ է կատարվում:
Նկարագրեմ հետո ինչ է լինելու. երբ հավաքականը պարտվի, Հենոյին են հիշելու, ասելու են, որ լիներ, այսպես չէր լինի, ավելի լավ կլիներ, կհաղթեինք: Անընդհատ այդպես է լինելու:
Մեր ունեցածը չենք խնայում, չենք փայփայում, կորցնում ենք եւ սկսում զղջալ, որ գնացել է: Մինչ այդ պետք էր մտածել, որ ով, ինչ ուզում ասում էր եւ որեէ մեկը նրա թիկունք չէր կանգնում, չէր ասում՝ այս ի՞նչ եք ասում Հենոյի հասցեին, մեր ավագի մասին: Մեկ անգամ ֆեդերացիան սատար կանգներ Հենոյին...
Նրա նման ֆուտբոլիստ չենք ունեցել եւ չենք ունենա: Այնպես հեշտ ազատվեցինք այսպիսի բարձրակարգ ֆուտբոլիստից, ասես՝ մի 30 նրա նման ֆուտբոլիստ ունենք, Ֆրանսիայի հավաքականն ենք, երկու կազմ նրա նման բարձր կարգի ֆուտբոլիստներ կան: Այդպես հեշտությամբ մեր Հենոյին թողեցինք, մեղադրեցինք, նեղացրինք:
Մենք միշտ էլ կհիշենք Հենոյին: Արդյունքները երբեք չեն մոռացվում, իսկ նրա ցույց տված արդյունքներն ասում են, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է:
Միասին խաղացել ենք: Շատ հաճելի է եղել այդպիսի ֆուտբոլիստի հետ նույն հավաքականի կազմում հանդես գալը: Հաջողություն եմ մաղթում նրան, շնորհակալություն հայտնում, որ նրա նման ֆուտբոլիստ, ավագ ենք ունեցել հավաքականում: Շնորհակալություն նրան լավագույն խաղերի, գեղեցիկ ֆուտբոլի համար»,- ասաց Սարգիս Հովսեփյանը:
Հենրիխ Մխիթարյանն ազգային թիմում հանդես էր գալիս 2007 թվականից՝ 95 խաղում խփելով 32 գոլ եւ դառնալով հավաքականի լավագույն ռմբարկուն։
Լուսինե Շահբազյան