ՀՀ ԱԳՆ-ն տվյալներ չունի Ուկրաինայի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների թվի մասին
ОбществоՀՀ ԱԳՆ-ն տվյալներ չունի Ուկրաինայի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների թվի մասին։
NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից պատասխանեցին, որ այս պահին Ուկրաինայի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին հստակ տվյալներ տրամադրել հնարավոր չէ, քանի որ հյուպատոսական բաժնում գրանցումը կամավոր է, եւ հայրենակիցների մի զգալի մասը դա չի արել։
«Ռազմական գործողությունների սկսվելուց հետո Կիեւում Հայաստանի դեսպանատուն է դիմել մոտ 1500 քաղաքացի»,- հայտնեցին ԱԳՆ-ում։ Նույն տվյալները նախօրեին ԱԺ-ում հայտնեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Դիմորդներին տրամադրվել է անհրաժեշտ օպերատիվ տեղեկատվություն եւ խորհրդատվություն: Այս ընթացքում դեսպանատունը ապաստան տրամադրելու հարցում օգնություն է ցուցաբերել անելանելի վիճակում հայտնված մի քանի քաղաքացիների։ Աջակցություն է ցուցաբերվել նաեւ փաստաթղթերը կորցրած քաղաքացիներին։
ԱԳՆ-ի ջանքերի շնորհիվ Լեհաստանը, Սլովակիան, Ռումինիան, Մոլդովան եւ Հունգարիան թույլատրել են Ուկրաինայից առանց մուտքի արտոնագրերի մեկնող Հայաստանի քաղաքացիների տարանցումը։
Միաժամանակ, անպատասխան մնաց այն հարցը, թե ՀՀ քանի քաղաքացի է ցանկություն հայտնել վերադառնալ եւ ինչպես է նախատեսվում կազմակերպել նրանց վերադարձը։