«Փակ շրջան». ... եթե, իհարկե, արմատական մասնագիտական «բժշկական» միջամտություն չիրականացվի»․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իրական իշխանափոխությունը վերջնականապես ավարտվեց նոր նախագահի և մի քիչ ավելի շուտ կայացած՝ նոր ՄԻՊ-ի ընտրություններով: Փաստացի Հայաստանի բարձրագույն իշխանական օղակներում «նախկիններից» մնացել է միայն գլխավոր դատախազը՝ չհաշված Սահմանադրական դատարանի մի քանի անդամներին, որոնք արդեն ոչինչ չեն որոշում: Դե, իսկ գլխավոր դատախազին էլ կարելի է «Հռոմի պապից ավելի կաթոլիկ», այսինքն՝ ավելի հեղափոխական համարել, քանի որ նա ավելի «անխնա» պայքար է մղում նախկինների դեմ, քան ցանկացած այլ «հեղափոխությամբ ծնված»: Այսպիսով, ինչպես ասում են, «շրջանը փակվեց»:
Նշենք, որ գործընթացը բավականին արագ ընթացավ՝ այլ երկրների հետ համեմատության մեջ: Օրինակ՝ Ադոլֆ Հիտլերից ամբողջ ութ տարի էր պահանջվել Սահմանադրական դատարանը վերջնականապես զավթելու համար, իսկ Իոսիֆ Ջուղաշվիլուց՝ դրանից ավելի շատ ժամանակ՝ «Լենինի զինակիցներից» ազատվելու համար: Ինչ որ է, հիմա ունենք այն, ինչ ունենք: Ըստ մամուլի, Հայաստանում, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվ անդամների ներքին փակ չաթից՝ զրուցարանից, կա ևս մեկը, որն ունի 7 անդամ (Նիկոլ Փաշինյանից և իր ամենամտերիմ մադկանցից կազմված) և կոչվում է «աստվածների չաթ»: Դե ինչ, «աստված»–ները հասան իրենց նպատակին՝ մենիշխանության, փակեցին շրջանը: Այնուամենայնիվ, ի՞նչ է նշանակում «փակ շրջան» արտահայտությունը: Չգիտեմ, թե ինչպես է դա բացատրվում այնտեղ՝ Արևմուտքում, տարբեր լեզուներով, բայց հիմա մեզ դա պետք էլ չէ, կարևորը ռուսական բացատրությունն է: Իսկ ռուսաց լեզվում դա դարձվածքաբանական միավոր է և ունի մի քանի բացատրություն: «Փակ շրջանը» մասնավորապես նշանակում է «անելանելի իրավիճակ». տեսեք, թե ինչքան է սազում Հայաստանի ներկայիս վիճակին:
Բացի դա, այն նաև մարդկանց մասով նշանակում է «անծանոթների համար փակ մարդկանց (ընկերների կամ մասնագետների) շրջանակ». դե, իհարկե՛, մեր «աստվածների չաթը»: «Փակ շրջանը» նաև եբրայերեն այբուբենի «Ային» տառի բնօրինակ պատկերն է, որը աչքի խորհրդանիշն է. գուշակեք՝ ամերիկյան մեկ դոլարանո՞ցը, թե՞ Սորոսն ու մասոնները Հայաստանի համար: Ոչ պակաս տպավորիչ է «փակ շրջանի»՝ ԽՍՀՄ ժամանակների բնութագրիչը: Դա նշանակել է ՆԵՊ-ի ժամանակաշրջանում մասնավոր կապիտալիստական կենսակերպ: Այսինքն, համատարած աղքատության պայմաններում նեպականները վարում էին թաքնված ցոփ ու շվայտ կյանք: Ի՞նչ եք կարծում, հիմա Հայաստանում ինչպե՞ս և ո՞վ է նման կյանք վարում մարդկանց կենսակերպի անկման պայմաններում:
Հետաքրքիր է նաև «փակ շրջանի» բժշկական բացատրությունը: Բժշկության մեջ դա կոչվում է «արատավոր շրջան» (լատիներեն circulus vitiosus), որը նշանակում է պաթոլոգիական փոխկապակցվածություն և բնութագրվում է նրանով, որ օրգանիզմում առկա արատներն ու պաթոլոգիաները իրենք են դառնում դրանց սրման պատճառ, քանի որ առաջացնում են նոր պաթոլոգիաներ, այսինքն՝ առաջնային հիվանդությունը բերում է նոր հիվանդությունների: Դե, իսկ դրա վերջն էլ պարզ է: Մի խոսքով «փակ շրջանը» Հայաստանին ոչ մի լավ բանի չի տանի, այլ կվատթարացնի վիճակը... Եթե, իհարկե, «արմատական մասնագիտական «բժշկական» միջամտություն չիրականացվի»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում