Ճիշտ դասավորվելու շրջափուլը
АналитикаՕրերս հայտնի դարձավ, որ ռուս-ուկրաինական պատերազմին զուգահեռ, Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ է նախաձեռնել: Նախօրեին հայտնի դարձավ, որ Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելության համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը, որը նախատեսում է «համակարգող պետության» կարգավիճակի ստեղծում։
Ըստ այդմ, այդ «համակարգող պետության» հովանու ներքո են ձևավորվելու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար։ Նախատեսվող փոփոխության համաձայն՝ «խաղաղության ապահովմանն ուղղված ՄԱԿ-ի առաքելություններին մասնակցելու համար՝ հավաքական խաղաղապահ ուժերը ստեղծվում են համակարգող պետության հովանու ներքո»։ «ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցության պայմանները սահմանվում են համաձայնագրում, որը համակարգող պետությունը կնքում է ՄԱԿ-ի լիազոր մարմնի հետ»,- նշված է փաստաթղթում:
Այնուհետև հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ-ի համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, Դուշանբեում։ Պետք է նշենք, որ ՀԱՊԿ շրջանակում մշտապես եղել է մեկ համակարգող պետություն, խոսքը ՌԴ մասին է: Այդ կառույցում Ռուսաստանը մշտապես առանցքային երկիր է եղել (ռուսական կոնտինգենտը հիմնականն էր Ղազախստանում խաղաղապահ օպերացիա անցկացնելու հարցում):
Ըստ էության, առաջին հայացքից հասկանալի չէ, թե նախատեսվող փոփոխություններն ինչ կապ կարող են ունենալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, որովհետև ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի մասնակցում Ուկրաինայի կոնֆլիկտին, ինչպես Բելառուսը, ի դեպ չի բացառվում, որ այդ ամենն ապագայի համար է արվում, բայց այդ պահին այս պրոտոկոլը դեռ կապ չունի այն գործընթացների հետ, որոնք ծավալվել են Ուկրաինայում:
Ի դեպ՝ վերջերս ճանաչված Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների ՀԱՊԿ անդամակցության հետ կապված դարձյալ քննարկումներ տեղի ունեցան։ Նշենք, որ Դոնեցկն ու Լուգանսկը կարող են դառնալ ՀԱՊԿ անդամ, եթե նրանց ճանաչեն ՀԱՊԿ մյուս անդամ երկրները: Ներկայումս դժվար է հասկանալ իրադարձությունների տրամաբանությունը:
Ըստ էության, ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանի չեզոքությանը և միջազգային կազմակերպություններին ՀՀ «ձեռնպահ» քվեարկություններին՝ ՀՀ չեզոքությունը բավական տրամաբանված է, քանի որ այս էսկալացիոն փուլում կտրուկ գործողությունները հնարավոր է անդառնալի հետևանքներ ունենան։
Ընդգծենք, որ հետսովետական տարածքում բազմավեկտորության քաղաքականություն վարում են գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, և դա դառնում է վնասակար, քանի որ, երբ կա Ռուսաստան-Արևմուտք կոշտ դիմակայություն, ապա պետք է ընտրել պետության առաջնահերթությունները: Հայաստանը ցանկանում է լինել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, բայց այս իրավիճակում գոնե չեզոքությունն ավելի լավ է, քան հակառակորդը, Հայաստանի համար դա լավագույնն է:
Տիգրան Մկրտչյան