Առնոլդը տուն է «վերադարձել» մեկ տարի երեք ամիս անց. ընտանիքը հույս ուներ` շուտով կթակի տան դուռն ու ներս կմտնի... «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Առնոլդ Հովսեփյանը ժամկետային զինծառայող էր, զինծառայությունն անցնում էր Ջրականում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Առնոլդի քույրը նրա մասին պատմելիս ասում է`առաջինն ինչ կառանձնացնի եղբոր մեջ, արագաշարժությունն է, արագ մտածելու կարողությունը, խոսելու արագությունը, նա ամեն ինչ պետք է արագ հասցներ անել, միշտ շտապում էր: «Առնոլդը զուսպ էր, համեստ, իրեն այլ կերպ նկարագրել չես կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիրանը:
Սովորում էր Մանկավարժական համալսարանի Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում, երբ զորակոչվեց բանակ:
Ուսման հետ կապված մեծ ցանկություններ ուներ: Բանակից հետո շարունակելու էր ուսումը բակալավրիատում, իսկ հետո նաև մագիստրատուրա ընդունվելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու մեծ նպատակներ ուներ: Առհասարակ, երազանքն ու նպատակը «մեծ մարդ» դառնալն էր: «Երևի 13 տարեկան էր, աչքի էր անցկացնում «Արմավիրի մարզ. Տարեգիրք-հանրագիտարան» գիրքը, որտեղ Էջմիածնի Տարոնիկ գյուղի հայտնի մարդկանց նկարներն ու անունները կային, այդ թվում` նաև իր պապիկներինը՝ Գասպար Հովսեփյանի, Հովսեփ Հովսեփյանի և իր հայրիկի՝ Սամվել Հովսեփյանի անունը: Իր հայրիկին հարցրեց` պա՛պ, հնարավո՞ր է՝ մի օր իմ անունն էլ այս գրքում լինի, պատասխանեց` հնարավոր է, եթե դառնաս ավելի աշխատասեր, նպատակասլաց, քո հայրենիքի համար մի այնպիսի բան անես, որ…»,-նշում է զրուցակիցս, իսկ հետո երկուսս էլ լռում ենք. կյանքից ավելի թանկ ինչ է հնարավոր զոհաբերել հանուն հայրենիքի:«Փաստորեն, այդպես էլ եղավ»,-հավելում է Սիրանը:
Առնոլդը զինծառայության է մեկնել մեծ սիրով, հպարտությամբ, առանց երկմտանքի: Մինչ զինծառայության անցնելն անգամ սկսել է սպորտով զբաղվել, ֆիզիկապես ավելի ուժեղ լինելու ցանկություն ուներ: Ամեն անգամ, երբ հեռախոսով զրուցում էր ընտանիքի անդամների հետ, նույնիսկ ձայնից նկատելի էր, որ ամեն ինչ կարգին է, որ իրեն անհանգստացնող որևէ բան չկա: «Դրան նպաստում էր նաև այն, որ մենք զինվորականի ընտանիքում ենք մեծացել: Թե՛ իր հայրիկը, թե՛ քեռին` իմ հայրիկը, զինվորական են եղել, և հայրենիքի հանդեպ սերը, հոգատարությունը, հայրենիքի կարևորությունը մեր մեջ մանկուց են սերմանել»,-ասում է Առնոլդի քույրը:
Մինչ պատերազմը, սկսվել էր համաճարակը, ավաղ, շատ չէին կարողանում այցելել զինծառայող եղբորը: Վերջին անգամ նրա հետ հանդիպել է եղբայրը` 2020 թ.-ի օգոստոսին: «Իսկ հետո սկսվեց պատերազմը: Մինչև հոկտեմբերի մեկն իր հետ կապի մեջ ենք եղել, խոսել: Այդ օրը վեց ընկերով մի հեռախոս էին գտել, առաջինը զանգել էր հայրիկին, խնդրել, որ հեռախոսը լիցքավորի: Ասել էր` ամեն ինչ լավ է, մենք լավ ենք, ամեն ինչ լավ է լինելու, չմտածեք: Հեռախոսը լիցքավորել են, բայց դրանից հետո այլևս որևէ զանգ չեն ստացել»,պատմում է զրուցակիցս: Առնոլդը զոհվել է հոկտեմբերի երկուսի լույս երեքի գիշերը:
«Ջրականում` Անանուն բարձունքին, վեց ընկերով՝ Առնոլդ Հովսեփյանը, Կարեն Անտոնյանը, Արման Մանուչարյանը, Գառնիկ Գասպարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արեգ Սարգսյանը, պայքարել են թշնամու դեմ, մինչև վերջ են պայքարել, չեն հանձնվել, ռացիաներ չեն ունեցել, շրջափակման մեջ են հայտնվել: Տղաներից միայն մեկն է ողջ մնացել` Արեգը, նա գերության մեջ էր, հիմա արդեն վերադարձել է ընտանիքի մոտ»,-հավելում է զրուցակիցս: Իսկ Առնոլդն ընտանիքի մոտ «վերադարձել է» մեկ տարի ու երեք ամիս անց: Իսկ մինչ այդ ընտանիքն ու ընկերները հույս ունեին, որ նա ողջ ու առողջ կթակի տան դուռը, բայց, ավաղ... «Այդքան սպասել ենք, որևէ լուր չենք ունեցել, բայց չենք էլ ցանկացել հավատալ, որ հնարավոր է՝ զոհվել է: Իր մասին հիշողություններն ու սերն են ապրեցրել բոլորիս այդքան ժամանակ, ապրեցնում են նաև հիմա: Սպասման այդ ամիսների ընթացքում «գտնում էին» ընկերներին, նրանց ԴՆԹ-ն հաստատվում էր, բայց մենք հույս ունեինք, որ նա ողջ է, հակված էինք մտածել, որ գերի է ընկել, քանի որ մեր ԴՆԹ-ն որևէ կերպ չէր հաստատվում: Նախորդ տարի նոյեմբերի 9-ի երեկոյան զանգ ստացանք. մեր ԴՆԹ-ն հաստատվեց, և նույն պահին մեր բոլոր հույսերը հօդս ցնդեցին»,եզրափակում է Առնոլդի քույրիկը:
Հ. Գ. Առնոլդ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում