Ադրբեջանը Հայաստանին 5 կետից բաղկացած փաստաթուղթ է ուղարկել և սպասում է պատասխանի. Ջեյհուն Բայրամով
Международные новостиԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
«Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունների կարգավորում, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,-ասել է նա։
Բայրամովը նշել է, որ առաջարկների թվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող դրույթ կա։ Գործընթացն սկսելու համար, ադրբեջանցի դիվանագետի պնդմամբ, ՀՀ-ն պետք է հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելուց, պետք է ստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ։
Ադրբեջանական կողմը հայտնում է նաև Անթալիայում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Ավելին՝ այստեղ