Սպասվա՞ծ, թե՞ անակնկալ ուլտիմատում
АналитикаԻնչպես հայտնի է վերջին շրջանում տարածաշրջանային իրադարձությունները զարգանում են միմյանց հերթ չտալով՝ հաճախ այնպիսի արագությամբ, որ անգամ ընթացիկ լրահոսին չես հասցնում հետևել։ Պարբերաբար հնչում են հայտարարություններ, շրջանառվում են տարբեր մեկնաբանություններ՝ ի դեպ շատ հաճախ միմյանց հակասող։ Վերջին օրերին ՀՀ օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված զարգացումներն են և դրա ֆոնին Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների փաթեթը, ինչու պահանջների, այլ ոչ առաջարկությունների, քանի որ տվյալ կետերը հենց վերջնագրի տեսքով էին ներկայացված հայկական կողմին։
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը խաղաղության պամանագրի կնքման համար Հայաստանին է ներկայացրել հինգ կետից բաղկացած, իրենց բնորոշմամբ, համապարփակ առաջարկներ։ Խոսքը հետևյալ կետերի մասին է. 1. ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում, 2. պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում, 3. զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ ու ուժ կիրառելուց և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամապատասխան քայլերից, 4. հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, 5. տրանսպորտային հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն։
Եթե փորձենք հետհայացք գցել մեր տարածաշրջանում ընդհանուր տիրող պատկերին, ապա շատերիս մոտ դեժավյու կառաջանա, քանի որ այն գրեթե նույնությամբ կրկնում է մեկ դար առաջ տեղի ունեցող գործընթացներն ու աշխարհաքաղաքական վերադասավորումները։ Բոլորս ենք հավանաբար հիշում, թե ինչպես 1917 թվականին փետրվարյան հեղափոխության պատճառով ռուսական զորքը հեռացավ Կովկասից, որին հաջորդեց հայկական զինուժի ողբերգալի վիճակը և թշնամուց խաղաղության աղերսելը։
Ստացվում է, եթե ՀՀ իշխանությունները չեն բավարարում ադրբեջանական կողմի պահանջը, չի բացառվում, որ Հայաստանը զրկվի Սյունիքից, ինչին կհաջորդի ՀՀ-ի անկլավ դառնալը և այն կդառնա մի ամորֆ տարածք։ Ըստ էության, ներկայացված վերջնագիրը նորություն չէ, այն, փաստացի, սեղանին էր դրվել դեռևս 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, և այս ողջ ժամանակահատվածում հակառակորդը դանդաղ ու հաստատուն գնում էր այս գործընթացին։ Փաստացի, դրանց մասին քանիցս հայտարարել է հենց Ալիևը։ Կարող ենք վսատահաբար նշել, որ ներկա փուլում Ադրբեջանը գնում է նման ուլտիմատումի, քանզի տարածաշրջանում կոնկրետ ուժերի հարաբերակցություն է փոխվում, և նրանք փորձում են հնարավորինս շատ տարածք պոկել Հայաստանից։
Ըստ էության, կարող ենք փաստել, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ այն, որ Ադրբեջանն իր հասարակությանը այսօր էր պատրաստում է նոր ռազմական գործողության։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է անընդհատ ավելացվում այդ երկրի ռազմական բյուջեն, այնպես, որ չի բացառվում, որ մենք դարձյալ հայտնվենք պատերազմական իրավիճակում։ Հիշում ենք, թե կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, իշխանությանը սատարող զանգվածը հորթի ժպիտով հառաչում էր, թե «Արցախը հանձնեցինք, վերջ մենք փրկվեցինք, արդեն ապրելու ենք խաղաղության մեջ», կամ նշում էին, թե «ինչո՞ւ մեր զավակաները պետք է զոհվեն Ջաբրայիլում», հավանաբար հիմա գիտակցում են, որ իրենց զավակներն արդեն զոհվում են ՀՀ տարածքում, ոչինչ չի փոխվել, քանի որ թշնամին նույնն է, իսկ խաղաղություն չի տրվում տարածքներ հանձնելու գնով։