Բոլոր հնարավոր միջոցներով սատարելու եմ մեր ռազմավարական գործընկերոջն իրենց աջակցությունը դրսևորող մեր քաղաքացիներին. Տիգրան Ուրիխանյան
Аналитика«Փաստ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են այն հանգամանքից, որ այս օրերին Հայաստանում պրոռուսական ընդամենը 1-2 ակցիա է իրականացվել, այն էլ՝ բավականին սակավամարդ:
Երևի այդ է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել այն մասին, որ «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.03.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի իրազեկումը ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 15.00-16.00-ը Ստ. Շահումյանի անվան հրապարակում հավաք և ժ.16.00-16.30 Ստ. Շահումյանի անվան հրապարակից՝ Բեյրութի փողոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց՝ մինչև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»:
Orer.am-ը թեմայի շուրջ զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական և հասարակական գործիչ Տիգրան Ուրիխանյանի հետ.
«Ես համաձայն եմ, ըստ էության, կիսվող Հայաստանի Հանրապետության համար այս պահին շատ կոնկրետ սեփական խնդիրները լուծելու ձևակերպմաը: Հիմա, երբ խոսում ենք կոնկրետ խնդիրները լուծելու մասին, հասկանում ենք, որ մոլորակին 40 տոկոս, այսինքն՝ համարյա կեսը, հացահատիկ մատակարարող երկիրը Ռուսաստանն է՝ բախտի բերմամբ և պատմական իրադարձություններով պայմանավորված՝ մեր ռազմական դաշնակիցը: Եվ տեսեք՝ ինչ կոլապսի առջև է կանգնում Հայաստանի Հանրապետությունը՝ ընդամենը մի խնդրի չկարգավորման պարագայում: Ես դեռ չեմ խոսում էներգակիրների, բեռնատար և մարդատար ուղևորափոխադրումների, զենք-զինամթերքի, ռազմական փոխօգնության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքների մասին և այն մասին, թե ինչ է տեղի ունենում հիմա Ուկրաինայում՝ սխալ արտաքին և ներքին քաղաքականության հետևանքով: Հիմա պահն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարևոր որոշում կայացնի»:
Հարցին, թե ինքն անձամբ մասնկցելու՞ է ակցիային, Ուրխանյանը պատասխանեց, որ մեծ սիրով մասնակցելու և բոլոր հնարավոր միջոցներով սատարելու է մեր ռազմավարական գործընկերոջն իրենց աջակցությունը դրսևորող մեր քաղաքացիներին:
Մարիամ Նալբանդյան