Փողի գինը թանկացնելն առաջին հերթին հարվածում է տնտեսական աճի հնարավորություններին
ЭкономикаԿենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25 տոկոս: Սա էական բարձրացում է և միտված է գնաճի զսպմանը։
Այս թեմայի շուրջ orer.am կայքը զրուցել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ։
Հարցին թե ի՞նչ արդյունք կարող է տալ ԿԲ կողմից կատարվող այս քայլը` տնտեսագետն ասաց. «Տնտեսությունում առկա լրջագույն գնաճային ճնշումները մեղմելու համար ԿԲ գործիքներից մեկն է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայումը։ Եվ Կենտրոնական բանկն օբյեկտիվորեն գնահատելով գների բարձրացման առումով տնտեսությունում տիրող իրավիճակը, կարծում եմ, ստիպված է եղել գնալ այդ քայլին։ Բայց փողի գինը թանկացնելն առաջին հերթին հարվածում է տնտեսական աճի հնարավորություններին։ Եվ հասկանալի է, որ Կենտրոնական բանկի այս քաղաքականությունը զսպելու է տնտեսական աճը։ Բայց փաստացի կշեռքի մյուս նժարին գնաճի բարձր տեմպերն են, ուստի, դա թույլ չտալու համար ԿԲ-ն ստիպված գնացել է այդ քայլին։ Ի դեպ, 2020 թվականի պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ գնաճային ալիքը մեր տնտեսությունում ահագնացավ, Կենտրոնական բանկը 7-րդ կամ 8-րդ անգամ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այսինքն՝ մենք նախորդ ամիսներին ևս տեսել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում, ճիշտ է, ոչ նման շեշտակի չափով։ Հիմա փաստացի, քանի որ հատկապես արտաքին շուկաներից եկող շոկերը կան, պլյուս տնտեսության ներսում էլ տիրող իրավիճակը վատթար է, ստիպված ԿԲ-ն նման մեծ չափով է բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը»։
Սոնա Գիշյան