Տիգրան Մանսուրյանը պարգևատրվեց ՀԱՊՀ ոսկե հուշամեդալով
КультураԵրկար սպասված հանդիպում՝ «Հին օրերի երգից», «Կտոր մը երկնքով» դեպի գրվող «Ռեքվիեմ»։
Մաեստրո Մանսուրյանի քայլերը նախ դեպի նահատակ հերոսների հուշաքար, ծաղիկներ Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակին։ Մեծանուն դասականին ուղեկցում են ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Տիգրան Ավինյանը և ռեկտոր Գոռ Վարդանյանը։
Արդեն ճեմասրահում կոմպոզիտոր Մանսուրյանին սպասում էր աշակերտների և ուսանողների բազմությունը։ Չդադարող ծափեր և սպասված կտոր մը երկինքը դարձավ սկիզբ՝ ջերմ հանդիպման։ Մաեստրոն միանգամից նկատեց իր կյանքի կարևոր զենքը՝ ռոյալը։ Արդեն պարզ էր՝ Մանսուրյանը նվագելու էր միջոցառմանը իր այցեքարտերից՝ կտոր մը երկինքը։
Արժևորելով Տիգրան Մանսուրյանի մեծ դերը հայ իրականության մեջ, ռեկտոր Գոռ Վարդանյանը մաեստրոյին շնորհեց ՀԱՊՀ ամենաբարձր պարգևը։ Ոսկե հուշամեդալը հանձնեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։
Իր ելույթում Գոռ Վարդանյանը հատուկ ընդգծեց, որ համալսարանի համար լուսավոր և առանձահատուկ օր է, հիշվելու է բոլորի կյանքում։
«Առանձնակի ջերմությամբ և սիրով ենք Ձեզ հյուրընկալել Պոլիտեխնիկական համալսարանում։ Ցանկանում ենք, որ աշակերտները և ուսանողները հնարավորություն ունենան հայի մեծ կերպարի, մեծ վաստակ ունեցող մաեստրոյի հետ անմիջական շփման արդյունքում ստանան այն էներգետիկան, որը դուք կտաք։ Հանդիպումը նպատակ ունի՝ տեսնելով Ձեզ ուսանողները որպես ապագա ինժեներներ ստեղծագործեն ինչպես դուք, որպեսզի մեր հայրենիքը լինի հզոր և կուռ։ Եվ կարևորը՝ մեր երիտասարդները, ինչպես դուք, իրենց կյանքը կապեն հայրենիքի հետ»,- իր ողջույնի խոսքում նշեց ռեկտորը։
Նախապես իմանալով մաեստրոյի այցի մասին, ուսանողները անակնկալ էին պատրաստել։ Մանսուրյանի դիմանկարը մաեստրոյին հանձնվեց միջոցառման ընթացքում։
Տիգրան Ավինյանը անդրադարձավ նաև Մանսուրյանի այն մտքին, որ պետք է լինել համաշխարհային շղթայի մի մաս․ «Եթե դա երաժշտության մեջ է ճշմարտություն, տեխնոլոգիաների ոլորտում առավել կարևոր է արդի խնդիրների հետ առնչություն ունենալ և փորձել լուծումներ գտնել հենց այդ խնդիրներին»։