Ուկրաինայում հրադադարի հույսերը մեծացել են. Չավուշօղլու
Международные новостиԿիևը և Անկարան պայմանավորվել են քրտնաջան աշխատել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հինգշաբթի՝ մարտի 17-ին, թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի Ուկրաինա կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում, գրում է Корреспондент֊ը։
«Մենք պայմանավորվեցինք, որ մեր ջանքերը կկենտրոնացնենք Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման վրա, քանի որ հասկանում ենք, որ անձամբ նախագահ Պուտինի հետ պետք է լուծվեն այս պատերազմի ավարտի հետ կապված բոլոր առանցքային հարցերը»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Միևնույն ժամանակ, նա հաստատել է Ուկրաինայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը դիվանագիտական բոլոր ուղիներով, որպեսզի դադարեցվի «ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ», և Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը։
Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է Թուրքիայում Զելենսկու և Պուտինի հանդիպումը կազմակերպելու պատրաստակամության մասին։
«Այս գործընթացի շրջանակներում մենք Անթալիայում կկազմակերպենք պարոն Կուլեբայի և նախարար Լավրովի հանդիպումը, սակայն այժմ մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման կազմակերպման վրա: Մենք նաև մեր ցանկությունն ենք հայտնում կազմակերպել նման հանդիպում այստեղ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, թուրք նախարարը նշել է, որ շատ դժվար է խոսել նախագահների հանդիպման ժամկետի մասին, քանի որ նախ պետք է հիմք պատրաստել այս հանդիպման համար, որպեսզի երկու ղեկավարներն էլ պատրաստ լինեն դրան։
Ի վերջո, Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերի արդյունքներով՝ բավականին դժվար է խոսել պատերազմի ավարտի մասին ընդհանրապես, սակայն հրադադարի հույսերը մեծացել են։
Ինչպես հաղորդվում է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան կրկին հրավիրել է Ստամբուլ կամ Անկարա՝ հանդիպելու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։