Ո՞ւմ օգտին է կատարվում սուբսիդավորումը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Կառավարության՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ պարզ դարձավ, որ իշխանությունները պատրաստվում են նորից փոխել գյուղատնտեսությանն առնչվող մեխանիզմը, որը ներդրվել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Մասնավորաբար, իշխանությունը պատրաստվում է վերադառնալ գյուղացիներին հատկացվող պարարտանյութերի սուբսիդավորման մեխանիզմին։
Ի դեպ, Փաշինյանն ու իր թիմը իշխանության գալուց հետո հայտարարում էին, թե ուղիղ սուբսիդավորման գործընթացն իր մեջ կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում և նպատակահարմար չէ այդ գործընթացը շարունակել։ Սակայն հիմա պարզվեց, որ նախկինում գործող մեխանիզմը ավելի լավն էր։ Սակայն, մասնագետների համոզմամբ, այս փոփոխությունն էլ «խելքը գլխին» չեն արել: Մասնավորաբար, սուբսիդավորման գումարը ստանալու է ոչ թե գյուղացին, այլ այն կազմակերպությունը, որն իրականացնելու է մատակարարումը: «Կառավարությունը կրկին ոչ թե գյուղացու մասին մտածեց, այլ մի խումբ ներկրողների, որոնք բիզնեսմեններ են, գյուղի հետ կապ չունեցող մարդիկ:
Պետք է պարարտանյութ ներկրեն, սուբսիդիաներ ստանան և բիզնես անեն: Բազմիցս ասել ենք, որ սուբսիդիա պետք է ստանա գյուղացին` մեկ հեկտարի հաշվարկով: Էկոնոմիկայի նախարարությունը` գյուղից հեռու մի խումբ մարդկանցով, համառորեն գնում է այլ ճանապարհով` սուբսիդավորում է սերմացու և պարարտանյութեր ներկրողներին, բանկերին, որոնք գյուղացիների սուբսիդիաներով հարստանում են: Այս ամենն արվում է գյուղացու գրպանը մտնելու համար»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Ի դեպ, խոսակցություններ կան, որ պարարտանյութի սուբսիդավորման այդ ծրագիրն իրականացնելու համար մատակարար կազմակերպության ընտրության համար որևէ մրցույթ չի հայտարարվել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում