Քվազի օրակարգերն ու դրանց հետևանքները
АналитикаԵթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ բառ չկա գրված Հայաստանից Արցախ գնացող գազատարը վնասելու և այն վերացնելուն խոչընդոտելու մասին: Ընդհակառակը, այդ փաստաթղթում հստակ ամրագրված է, որ տնտեսական և կոմունիկացիոն կապերը պետք է բացվեն: Բայց դա չի խանգարում, որպեսզի ադրբեջանցիները, նախ, վնասեն գազատարը և այս ցուրտ ու ձյունառատ օրերին արցախցիներին զրկել գազից, ավելին, չթողնեն, որպեսզի հայկական կողմը վերացնի այդ վթարը: Ու դրա ֆոնին Ադրբեջանը ներկայացնում է միջպետական հարաբերություններն ամբողջությամբ բարելավելու և, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» կնքելու առաջարկ-պարտադրանքը:
Ասվածին հավելենք, որ ՀՀ իշխանությունն իր հերթին դեմ չի այդ պահանջներին և չի բարձրաձայնում գազատարի խնդիրը, բայց միաժամանակ խոսում է արցախցիների իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին: Որպեսզի ինչ-որ ձևով լուծվի Արցախում առաջացած սոցիալական ճգնաժամը՝ Հայաստանի առանձին քաղաքացիներն իրենց անձնական միջոցներով գնում կամ Արցախ էին ուղարկում հեղուկ գազի 3 կիլոգրամանոց բալոններ:
Այս օրերին Արցախում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքները հասկանալիորեն ունեն մեկ նպատակ՝ հայաթափել Արցախը: Մեծ հաշվով, դրան համաձայն են թե՛ Հայաստանում բնակվող ապազգային զանգվածները և թե ՛ դրանց մարմնավորումը հանդիսացող ազգադավ իշխանությունը: Փաստն այն է, որ տարիներ շարունակ «մեր զավակները չպետք է ծառայեն Արցախում» և «բոլոր արցախցիները պետք է վերադառնան իրենց երկիրը» շրջանառվող ու գեներացվող թեզերը տվեցին իրենց պտուղը:
Այսօր Արցախի մեծ մասը կորսված է, իսկ գոյություն ունեցող հատվածը կանգնած է հումանիտար աղետի առաջ: Սակայն Արցախը թշնամուն հանձնելու գործընթացը չի ավարտվում զուտ Արցախի կորստով: Որքան էլ զարմանալի լինի գործող իշխանության ղեկավարի համար՝ պարտությունից հետո ադրբեջանական սողացող էքսպանսիոն՝ նոր տարածքներ գրավելու քաղաքականությունը տարածվում է արդեն Հայաստանով: Օրերս բոլորիս աչքի առաջ Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածք. ադրբեջանցի զինվորականները 1-2 կմ խորացել են մեր տարածքում և դիրքավորվել՝ վրաններ տեղադրելով:
Տեղի ունեցածի հետ կապված պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադարձել են սեփական տարածք: Որը լքել էին ձմռան գալու և ճանապարհները փակվելու պատճառով: ՀՀ ՊՆ-ի հայտարարության կեղծ լինելը կրկին բացահայտեց արդեն նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Իսկ նոր ՄԻՊ-ը փոխանակ շարունակեր իր նախորդի հայրենասիրական գործունեությունը, զբաղված է ավելի կարևոր խնդիրներով:
Տիգրան Մկրտչյան