«Կռուտիտի» հերթական արգասիքը
АналитикаԸստ էության, այս տարվա մեկնարկին իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությամբ կառավարությունը շարունակել է նույն խաղը խաղալ տնտեսության գլխին. շրջանառություններն ավելացնելու համար տնտեսությունը փողի կարիք ունի, իսկ կառավարությունը փողը հանել է տնտեսությունից ու քնեցրել գանձապետական հաշիվների վրա, ինչ է թե՝ տոկոսային եկամուտներ է ստանում դրանց դիմաց։ Պաշտոնական տվյալներով՝ հունվարին պետական բյուջեն 149,7 մլրդ դրամի եկամուտներ է ստացել։ Ի դեպ՝ նախորդ տարվա համեմատ՝ մուտքերն աճել են ավելի քան 10 տոկոսով։
Անկասկած, անկախ ամեն ինչից, թե դա ինչի հաշվին է եղել, լավ է, որ եկամուտներն ավելացել են, բայց վատ է, որ չեն կարողացել ծախսեր իրականացնել և գումարները վերադարձնել տնտեսություն։ Այդքան եկամուտների դիմաց կատարվել է ընդամենը 88,7 մլրդ դրամի ծախս։ Հավաքված 61 մլրդ դրամը մնացել է անաշխատ վիճակում, տնտեսությունից դուրս։ Փաստացի, փողը հարկերի ու այլ վճարների միջոցով քաշել են տնտեսությունից ու չեն կարողացել ծախսերի միջոցով վերադարձնել տնտեսությանը՝ տնտեսական ակտիվությունը խթանելու համար։
Հետևելով դեպքերի ընթացքին՝ պարզ է դառնում, որ հունվարի եկամուտների գերակշիռ մասն ապահովվել է ներքին տնտեսության հաշվին. 149,7 մլրդ դրամից՝ 144,2 միլիարդը։ Հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ՝ ավելացել են 10,5 տոկոսով կամ 13,7 մլրդ դրամով։ Առաջին հայացքից թվում է, թե վատ արդյունք չէ, բայց այդպես է միայն առաջին հայացքից։ Հարկային եկամուտներն ավելացել են հիմնականում անուղղակի հարկերի՝ ակցիզային և ավելացված արժեքի հարկերի, ինչպես նաև պետտուրքերի հաշվին։ Ակցիզային և ավելացված արժեքի հարկերն այն հարկերն են, որոնք վճարում են սպառողները՝ իրենց գրպանի հաշվին։ Պետտուրքի ավելացումն էլ կապված է գլխավորապես հումքային ապրանքների արտահանման հետ։
Ըստ այդմ՝ անցած տարվա սեպտեմբերից կառավարությունը պղնձի համար սահմանեց արտահանման տուրքը, ինչն էլ արտահայտվել է այս հատվածից ստացվող պետական բյուջեի եկամուտների վրա։ Միայն արտահանման տուրքի արդյունքում բյուջեի եկամուտներն ավելացել են 5,7 մլրդ դրամով։ Պետտուրքերի մուտքերն ընդհանուր առմամբ կազմել են 8,3 մլրդ դրամ, որից 5,7 միլիարդը պղնձի արտահանման տուրքն է, որն անցած տարվա սկզբին դեռևս չկար։ Ինչ մնում է ԱԱՀ մուտքերի ավելացմանը, ապա դա էլ պայմանավորված է հիմնականում արձանագրվող գնաճով։ Որքան բարձր են գները, այնքան ԱԱՀ գանձումներն ավելանում են։ Հատկանշական է, որ ԱԱՀ մուտքերն ավելացել են գերազանցապես ներմուծման պարագայում։ Այնինչ՝ ներքին տնտեսությունից գանձվող ԱԱՀ-ն կրճատվել է՝ նույնիսկ թանկացումների պայմաններում։ Սա էլ իր հերթին, թերևս, մեր տնտեսության «փայլուն» զարգացումների ցուցիչներից մեկն է։
Ի դեպ՝ բավական կտրուկ է եղել ակցիզային հարկերից մուտքերի աճը։ Խոսքը, այդ թվում՝ վառելիքի, ծխախոտի, խմիչքների և այլ ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման մասին է։ Սա նշանակում է, որ եթե չլինեին թանկացումներն ու հարկային բեռի ավելացումները, ապա բյուջեի հարկային եկամուտները նույնիսկ ավելի քիչ կլինեին, քան ստացվել էր անցած տարի։ Տնտեսության իրական զարգացումներն այնպիսին չեն, որ նպաստեն գեներացվող հարկերի ավելացմանը։ Պատահական չէ, որ ուղղակի հարկատեսակների գծով ունենք մտահոգիչ պատկեր։ Նվազել են՝ ինչպես շահութահարկի, այնպես էլ՝ եկամտային հարկի մուտքերը։
Հավելենք, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ ավելացել են բյուջեի այլ հարկային եկամուտները։ Ու կրկին՝ ոչ տնտեսության զարգացումների հաշվին։ Այստեղ էլ աճը կապված է դրոշմանշային վճարների դրույքաչափերի բարձրացման հետ։
Հենց սրանք այն հիմնական գործոններն են, որոնք տարեսկզբին նպաստել են բյուջեի եկամուտների ավելացմանը։ Ակնհայտ է, որ դրանք քիչ կապ ունեն տնտեսության մեջ տեղի ունեցող իրական զարգացումների հետ։ Բայց ավելի վատ է, որ տնտեսությունից հանված այդ գումարները դուրս են մնացել տնտեսական պրոցեսներից։ Որքան էլ բյուջեի ծախսերն այս տարվա սկզբին նախորդի համեմատ ավելացել են՝ պայմանավորված հիմնականում որոշ պարտադիր ծախսերի աճով, այնուհանդերձ հավաքված գումարների 40-41 տոկոսը մնացել է դրսում։
Տիգրան Մկրտչյան