«Արցախի Հանրապետության հանդեպ մոռացություն ձևավորելու, էմպատիան վերացնելու քաղաքականություն են վարում». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Արդեն երկրորդ անգամ թշնամին Արցախի Հանրապետությանը զրկում է գազամատակարարումից: Շարունակվող սադրանքներն ու թշնամու սանձարձակ գործողությունները տեղի են ունենում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների միջև առկա մի շարք գործընթացների ֆոնին: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը նախ հիշեցնում է թշնամու՝ նաև նախկինում վարած քաղաքականության մասին:
«Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը ժամանակին իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ամեն ինչ արել է Նախիջևանը հայաթափելու համար, իսկ հետո վարել է Արցախը հայաթափելու քաղաքականություն: Այնպես որ, այս մարտավարությունն ու քաղաքականությունը մեր թշնամիներն ընտրել են ոչ միայն այսօր, այլ շատ վաղուց՝ նաև Խորհրդային Միության ժամանակ: Այն ժամանակ կարողանում էին ինչ-որ այլ գործիքակազմերով ճնշել, դրանից հետո Սումգայիթ, Բաքվի ջարդեր, հետո էլ՝ 1991 թվականին պատերազմ սանձազերծեցին. այդ օրվանից մեր պատերազմը շարունակվում է, այն չի ավարտվել: Եվ այդ պատերազմական գործողություններում թշնամին նույն քաղաքականությունն է վարում՝ փորձում է հայաթափել Արցախի Հանրապետությունը: Այդ նպատակով ամեն ինչ անելու է, որ մարդկանց կյանքն այնտեղ դժվարանա: Կարճ ասած՝ թշնամի է, ասում է՝ «ես քեզ պետք է վերացնեմ»:Վաղը հոսանքն էլ է կտրելու, ջուրն էլ ու կրկին չի թողնելու գյուղատնտեսական աշխատանքներ կատարվեն: Սա կոչվում է պատերազմ՝ «ի՞նչ անել՝ գրավելու Արցախի Հանրապետությունը»: Բացի այդ, չի էլ թաքցնում մյուս նպատակները՝ հայտարարելով՝ «գալու եմ, Զանգեզուրն էլ վերցնեմ, Գեղարքունիքն էլ, Երևանն էլ»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով, այնպես չէ, որ Արցախի գազամատակարարման դադարեցմամբ ամեն ինչ ավարտվելու է. «Վաղն ամեն ինչ անելու են, որ կյանքը Երևանում ևս դժվարանա: Արցախի գազամատակարարումը դադարեցնելն իրենց համար ուղղակի այն հնարավորությունն էր, որը ձևավորվեց՝ հաշվի առնելով, որ իրենք, երևի, շատ յուրահատուկ ձևով դիտարկում են, թե որ ժամանակահատվածում ինչ է հնարավոր անել:Երբ եղանակը լավ էր, և գյուղատնտեսական աշխատանքներն սկսվել էին, սկսեցին դաշտերի վրա կրակել: Հենց հասկացան, որ նաև ցրտեր են լինելու, գազամատակարարումը դադարեցրին»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ից արձագանքներին, Թևան Պողոսյանը նախ նշեց, որ ՀՀ-ում կան շատ ու շատ հայեր, որոնք այսօրվա դրությամբ գումար են հավաքում, անհրաժեշտ պարագաներ են գնում և ուղարկում Արցախ: Թ. Պողոսյանի դիտարկումներով, այլ է պատկերը իշխանությունների պարագայում: «Ցավոք, Հայաստանի գործող իշխանություններն ինչ-ինչ պատճառներով որևէ գործողություն չեն ձեռնարկում: Խոսքը, մասնավորապես, իրենց պարտվողականության շարունակականության ու նշվածից բխող քայլերի մասին է: Երևի լսելով պահանջը՝ ստիպված ինչ-որ հայտարարություններ են անում, բայց կարելի է գնալ ու Ստեփանակերտում ստուգել՝ այդ հայտարարությունների գինն անդրադառնո՞ւմ է մարդկանց վրա: Պաշտոնական մակարդակով ոչինչ չի իրականացվում, մի բան էլ ասում են՝ եկեք սովորենք առանց այս կամ այն միջոցի ապրել: Օրինակ՝ դրանից հետո կարող էին լավագույնս օրինակ ծառայել՝ տեղափոխվել Արցախ ու այնտեղ ապրել, ասել՝ տեսեք, որ պայքարում ենք, նպաստում միասնությանը: Կարող էին ասել նաև՝ «եկել եմ այստեղ ու առանց գազ ապրելու եմ, միացեք, միակամ դառնանք»:
Եթե նման քայլ չի արվում՝ խոսքերի իմաստը ո՞րն է: Այս դեպքում հակառակն է ստացվում, այսինքն, միայն ու միայն ցավ ես պատճառում կողքիդ հային: Եթե անգամ փորձում ես ասել՝ «եկեք միասին մի բան անենք», կողքիդ հային ցավ պատճառելո՞վ ես դա անում: Ընդհանուր առմամբ, պարտված իշխանությունից նոր պարտություններ են լինելու, մինչև գիտակցաբար, ինքնակամ չհեռանան՝ հասկանալով, որ հանուն Հայաստանի և հանուն գալիք սերունդների իրենց գործողությունն այսօր հենց դա պետք է լինի: Պարտվածը բանակցային սեղանի շուրջ ի՞նչ է անելու, նստելո՞ւ է հաղթողի հետ…»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ այս ընթացքում իշխող ուժը կա՛մ տապալել, կա՛մ առհասարակ չի մասնակցել ՀՀ ԱԺ-ում Արցախի վերաբերյալ քննարկումներին, չի միացել ընդդիմության հայտարարություններին: Երեկ էլ ԱԺ-ն չընդունեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ որևէ արտահայտություն քրեականացնելու վերաբերյալ ընդդիմության նախագիծը:
Թևան Պողոսյանը չի կարծում, որ իշխանության նման կեցվածքը զուտ անտարբերության դրսևորում է: «Չէի ասի, թե անտարբեր են: Իրենք Արցախի Հանրապետության հանդեպ մոռացություն ձևավորելու, էմպատիան վերացնելու շատ լավ, տարբերակված քաղաքականություն են վարում: Նման քաղաքականություն են վարում, որ դրա հետ մեկտեղ նաև ասեն՝ «մենք ինչ կապ ունենք»: Այսօր այդ մարդկանց համար իրականության մեջ պարզվել է, որ Արցախը բեռ է: Մի մոռացեք, որ այդ բոլոր մարդիկ ժամանակին եղել են այն թիմի մեջ, որտեղ ասել են՝ «Սերգո ջան, քանի Արցախի հարցը չի լուծվել, վատ ես ապրելու»: Իրենց արժեքային համակարգը կոչվում է ֆինանսական միջոց, որտեղ հայրենիք չի մտնելու, կողքի հայի հանդեպ ցավ ապրելը չի մտնելու: Այս մարդկանց վարած քաղաքականությունն այսօր պարզապես ցույց է տալիս, որ Արցախի հանդեպ մտահոգություն չկա: Ըստ իրենց, ինչքան հարցից շուտ պրծնեն, այնքան ավելի լավ՝ հույս ունենալով, թե այսպիսով ամեն ինչ կավարտվի: Բայց ես հիմա նորից վերադառնում եմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատված, փորձում գործող վարչապետի՝ այդ ժամանակվա հարցազրույցները դիտարկել: Փորձում էր բացատրել, թե բանակցություններին Ադրբեջանը միշտ մեծ նկրտումներ է ունեցել, նույնիսկ ինչ որ առաջարկվել է, հաջորդ օրն ասել է՝ չէ, ավելի շատ եմ ուզում: Ի դեպ, հիմա ևս ադրբեջանցին չի փոխվել»,-ասաց Թ. Պողոսյանը՝ շեշտելով, որ պետք է հասկանալ նշվածից բխող հետևանքները՝ թշնամու ունեցած «ախորժակի» համատեքստում, որը միայն Արցախով չի ուզում սահմանափակվել:
Թևան Պողոսյանը նշեց՝ թող մարդիկ գնահատեն իրողությունները, օրինակ՝ երազանքն արդյո՞ք Սինգապուրի նման երկիր ձևավորելն էր: «Օրինակ՝ 2021-ի հունիսին ընտրությունների օրը ինչո՞վ են առաջնորդվել նրանք, ովքեր չեն գնացել ու չեն մասնակցել ընտրություններին, ընդհանրապես հայրենիքի մասին մտահոգություն ունեցե՞լ են: Իսկ այն 670 հազարը, որոնք գնացել ու մտածել են՝ եթե ընտրենք, կարող է պատերազմ չլինի, հիմա ո՞նց են զգում իրենց, երբ տեսնում են, որ այդ ընտրությունից գրեթե մեկ տարի անց պատերազմը չի դադարել, հակառակը՝ ավելի մեծ ճնշումներ են գալիս Ադրբեջանից: Մինչդեռ իշխանության մնալով՝ այս մարդիկ պարզապես իրենց խնդիրներն են լուծում, որովհետև պետք է գիտակցեին հեռանալու անհրաժեշտությունը: Կարող ենք դիտարկել նաև ժողովրդավարական արժեքների համատեքստում: Եթե քաղաքական գործիչն ինչ-որ բաներ է խոստանում ու դրանից հետո չի կատարում, պետք է հրաժարական տա: Մենք այդ մշակույթը չունենք, ուրեմն՝ ժողովրդավարություն էլ չունենք: Իսկ մնացած ամեն ինչն այսօր իրենց անգործությամբ է հիմնավորվում»,-հավելեց Թ. Պողոսյանը:
Այս պայմաններում իշխանություններն արդեն պարզ հայտարարում են, որ պատրաստ են քննարկել Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հարցը, Ադրբեջանի կողմից հրապարակայնացված պայմանների մեջ անընդունելի բան չեն տեսնում: Այս օրերին իշխանություններին ավելի շատ են մեղադրում հայկական շահը չսպասարկելու մեջ: Իսկ թե ինչ է սպասվում թշնամուն զուգահեռ հայկական շահը չսպասարկող իշխանություն ունենալու դեպքում, Թ. Պողոսյանը նշեց. «Պետականության կորուստ է սպասվում: Պետությունն առանց այն էլ երևի արդեն խարխլված է: Մենք ունենք կաթվածահար պետություն, որովհետև պետական ինստիտուտները չեն աշխատում: Առաջ գոնե ՄԻՊ գրասենյակն էր աշխատում, մնացածը՝ ոչ, հիմա ամբողջովին ոչինչ չի աշխատում: Մեր ազգային հերոսի խոսքերը կմեջբերեմ. «Կորցնելով Արցախը՝ կորցնելու ենք հայոց պետականությունը»:
Այլ ձևակերպումներն անիմաստ են: Արցախի Հանրապետության այն մասը դեռ կա, որը պահպանվում է 120 հազար արցախցիների կողմից: Եթե տեր չկանգնեցին այդ մասին, իսկապես շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը: Եթե կրկին չգիտակցենք այդ 120 հազար արցախցիների սխրանքը, որ այսօր ապրում ու պահում են Արցախը, իսկապես շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը: Խոսքը հայոց պետականության համար իրենց ստանձնած դերակատարումը գիտակցելու մասին է: Եթե հիմա էլ չգիտակցենք ու չհասկանանք, որ մեր վարքագիծը պետք է փոխենք, մեր կյանքի ձևը՝ ևս, որ մեր ազգային միասնությունը մեր ունեցած միակ ռեսուրսն է, ապա հասնելու ենք այն կետին, որտեղ իսկապես շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը: Երբ, ինչպես նշվեց, ոչ թե ազգային շահով են առաջնորդվում, այլ սպասարկում են թշնամիների շահերը, ի՞նչն է լինելու հետևանքը: Սցենարները կարող են տարբեր լինել, կկոչվի վիլայեթություն, թե մեկ ուրիշ բան, բայց արդյունքը բուն բովանդակությամբ դրան է բերելու»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում