Ջուր ծեծողներն ու ջուր վաճառողները. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Խաբեբաներին, որոնք չեղած ինչ-որ բան են վաճառում, կոչում են «օդ վաճառողներ»: Մարդկության պատմության ընթացքում նման խաբեբաները բազմաթիվ են եղել: Օրինակ՝ Վիկտոր Լյուսինգը ժամանակին հաջողացրել է երկու անգամ ծախել Էյֆել յան աշտարակը, իսկ իրեն մարքիզ ներկայացնող արգենտինացի Էդուարդո դե Վալֆերնոն վեց անգամ ծախել է «Մոնա Լիզա» նկարը: Նման օրինակները բազմաթիվ են: Պարզվում է՝ Հայաստանն էլ անմասն չէ այդպիսիններից: Բայց, ի տարբերություն արտասահմանյան «օդ վաճառողների», Հայաստանում որոշել են «ջուր վաճառել» և անգամ դրա համար գիտական թեզ են պաշտպանել: Ըստ մամուլի հրապարակումների, հանկարծ ու Հայաստանի նախագահ «նշանակված» Վահագն Խաչատուրյանը 2020 թվականին «Հանրային ռեսուրսների կառավարման բարելավման հիմնական ուղիները ՀՀ-ում» թեմայով թեկնածուական թեզ է պաշտպանել:
Ըստ նրա, «Հայաստանից արտահանվող 1 լ խմելու ջուրը համաշխարհային շուկայում կարող է վաճառվել 0,37 ԱՄՆ դոլարով, և կարելի է խմելու ջրի արտահանումից միլիարդավոր դոլարներ աշխատել»: Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողն առաջարկում է «ջուր վերցնել Սևանա լճից և արտահանել խողովակաշարով մինչև Պարսից ծոց»: Հավանաբար, Պարսից ծոց ասելով՝ նա նկատի ունի արաբական անապատային երկրները, որտեղ խմելու ջրի պակաս է զգացվում: Այստեղ են ասում՝ իյա, իրո՞ք… Դե ինչ, կարելի է ասել, որ Հայաստանի պոպուլիստական կառավարությունը գտել է իր համապատասխան պոպուլիստ նախագահին:
«Ջուր ծեծողները» կարող են դառնալ «ջուր վաճառողներ»: Նշեմ, որ դեռ 1990-ականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եմ հանրային հեռուստատեսությամբ տեսել մի վայ գիտնականի (ափսոս չեմ հիշում, թե ով էր), որը փրփուրը բերանին ապացուցում էր, որ Հայաստանը պետք է ջուր վաճառի արաբներին: Իհարկե, գոնե նա այն ժամանակ չէր առաջարկում Սևանա լճի ջուրը վաճառել, այլ առաջարկում էր հավաքել աղբյուրների և լեռնային գետերի ջրերը և խողովակաշարով հասցնել Արաբական թերակղզի: Իհարկե, դա իմ մոտ բացի ծիծաղից այլ բան չառաջացրեց: Բայց հետաքրքիրն այն է, որ իմ շրջապատի որոշ մարդիկ սկսեցին վիճել, որ այդ «գիտնականը» ճիշտ է ասում: Ինձ նրանց ժխտելու համար բավականացրեց ընդամենը մի տրամաբանական փաստարկ՝ իսկ Արաքս գետի վրայով ինչպե՞ս են խողովակաշարը անցկացնելու, գուցե հենց Արաքսից էլ ջուրը վերցնե՞ն, որ կամուրջ չկառուցեն: Ճիշտ է, կվերցնեն Արաքսից, իսկ հետո՞, չէ ո՞ր պետք է նաև Տիգրիս և Եփրատ գետերի վրայով էլ կամուրջներ կառուցվեն, իսկ գուցե ջուրը հենց այդ գետերից էլ վերցնե՞ն, ծախսն էլ քիչ կլինի:
Բայց.... Հայաստանն այստեղ ի՞նչ գործ ունի… Իհարկե կարող են ասել, որ մեր աղբյուրների ու առուների ջրերը որակապես շատ ավելի լավն են, քան Տիգրիսի ջուրը, բայց… ցանկացած խմելու ջուր ենթակա է ջրապատրաստման, դա վերաբերում է ինչպես գետի կամ լճի ջրին, այնպես էլ այն ջրին, որը երկար ճանապարհ է անցնում խողովակաշարերով: Բանն այն է, որ խողովակաշարում շարժման ընթացքում ջուրը կորցնում է իր որակական հատկությունները… Լավ, չխորանանք մասնագիտական հարցերի մեջ: Մի հարց էլ: Ըստ Խաչատուրյանի, ջուրը կարելի է վաճառել լիտրը 0,37 ԱՄՆ դոլարով, այսինքն՝ 1 խորանարդ մետրը՝ 370 դոլարով, մոտ 185 հազար դրամով: Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում. ականջդ կանչի «Վեոլիա Ջուր», 1 խորանարդ մետրի համար 200,47 դրամ սակագին ես սահմանել, հաշվի չես առնում միջազգային գները, անմիջապես դիմի՛ր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, պահանջի՛ր սակագինը գոնե մի 10 հազար դրամ դարձնել:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում