Դեպի Ռուսաստան արտահանումը ամենատուժած ոլորտն է, բայց 7% տնտեսական աճ ապահովելը ուժի մեջ է. Վահան Քերոբյան
ЭкономикаԱրտահանումը ամենաշատ տուժած ոլորտն է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով տնտեսական խնդիրներին:
«Այսինքն՝ դեպի Ռուսաստան բոլոր արտահանողների մոտ զգացվում է արտահանման կրճատում և մի քանի օր առաջվա տվյալներով, մոտ 30 տոկոս անկում է ապրել, ինչը շատ մտահոգիչ է: Իհարկե մյուս ուղղություններով մենք ունենք արտահանման աճ, և ընդհանուր արտահանումը կարծես թե դրական է, բայց կարող է փոխված լինել»,- ասաց նա:
Վահան Քերոբյանն ասաց, որ հիմա արտահանողների հետ աշխատում են, որպեսզի արագ վերականգնեն իրենց պայմանագրերն արդեն նոր գների պայմաններում, ինչի արդյունքում, կարծում ենք, որ արտահանման ծավալները կսկսեն աճել: Նա նշեց, որ կան շատ հնարավորություններ և ռիսկեր:
«Մեր թիրախը՝ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, դեռևս մնում է ուժի մեջ, և մենք չենք պատրաստվում այդպես հեշտ հանձնվել»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ազատեք և դառնաք բարձրագույն տեխնոլոգիաների նախարար, Վահան Քերոբյանն ասաց, որ այդ հարցին չի պատասխանի, սակայն նշեց, որ մասնագիտությամբ ծրագրավորող չէ: