Ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է դադարեցնել ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը և կրակոցները
ОбществоԻնչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպանության նախարարությունը, այսօր՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ (անցած գիշեր՝ ևս 5 վիրավոր): Ուստի, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ և՛ ներխուժման, և՛ հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Չնայած բարձրագույն մակարդակի բանակցություններին՝ արձանագրում ենք, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը և նրանց կողմից տարբեր տրամաչափի զենքերից իրականացվող կրակոցները: Սակայն, միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում:
Արցախի իշխանություններն, այնուամենայնիվ, հույս են հայտնում, որ ռուսական կողմի վճռական ջանքերի շնորհիվ կհաջողվի ադրբեջանական զորքերին վերադարձնել ելման դիրքեր, իսկ Արցախի խաղաղ բնակչությանը՝ իրենց տներ, հակառակ պարագայում լուրջ կերպով կասկածի տակ են դրվում Արցախում ապրող խաղաղ բնակչությանը տրված անվտանգային երաշխիքները»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր, 2 զոհ։