Մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված.Մարտունիում իրավիճակը հանգիստ է
ОбществоԱրցախի Մարտունու շրջանում այս պահին իրավիճակը հանգիստ է, միջադեպեր չեն եղել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը։
«Ոչ մի փոփոխություն չի եղել, կրակոց չկա, իրավիճակը հանգիստ է, միջադեպեր չեն եղել»,-ասաց նա:
Նրա հաղորդմամբ՝ բնակիչների շրջանում որևէ խուճապ չկա, զբաղված են իրենց առօրյա գործերով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության պահանջները, մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, գրավել գյուղն ու առաջացել Քարագլուխ ռազմավարական բարձունքի ուղղությամբ։ Նրանց առաջխաղացումը կասեցրել են ռուս խաղաղապահները, ու բանակցություններ են ընթանում նրանց ելման կետ վերադառնալու ուղղությամբ։
Այդուհանդերձ, արդեն երկրորդ օրն է, ինչ արհեստածին Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Փառուխ գյուղն ու հարակից տարածքը, ինչպես նաեւ զինված գործողությունների են ձեռնարկել։ Ընդ որում, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, կիրառել են ոչ միայն հրաձգային զինատեսակներ, այլ նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:
Հակառակորդի գործողությունների հետևանքով մարտի 26-ի դրությամբ՝ հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, եւս 15 զինծառայող վիրավորվել է, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 1 զինծառայողը վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսների վիճակը՝ բավարար։