Հայաստանի ղեկավարությունը սպասում է Ռուսաստանի դիրքորոշմանը
АналитикаԱրցախում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող տարածքներ են հանձնվում Ադրբեջանին, իսկ ռուսական կողմը չի հակազդում:
Այս թեմայի մասին Orer.am կայքը զրուցել է քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցողին Անդրեաս Ղուկասյանն ասաց, որ Ռուսաստանը պատրաստ չէ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտել և փորձում է խուսափել պատերազմից, ամեն կերպ զիջում ու նահանջում է․ «Ռուսաստանի Դաշնությունը պիտի որոշում կայացնի իր գործողությունների վերաբերյալ։ Հայաստանի ղեկավարությունը հավանաբար սպասում է այդ դիրքորոշմանը, որովհետև ըստ էության, եթե Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են վերսկսել ռազմական գործողությունները, Ռուսաստանը, որը 2020 թվականի նոյեմբերի 10-ից իր վրա է վերցրել Արցախի պաշտպանության համար պատասխանատվությունը, պետք է կողմնորոշվի՝ ինքն այդ գործառույթն ի վիճակի՞ է կատարել, թե՞ ոչ։ Հիմա շատ անորոշ վիճակ է հայկական կողմի համար, որովհետև մի կողմից ռուսական զորքերի ներկայությունը կա, մյուս կողմից արդեն հիմա երևում է, որ իրենք ի վիճակի չեն որևէ հակազդեցություն ունենալ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին։ Ըստ էության դա կնշանակի պատերազմի վերսկսում, և Հայաստանը դրանից բխող բոլոր քայլերը պետք է անի։ Հայաստանը չի կարող իր վրայից հանել արցախահայության պաշտպանության պատասխանատվությունը։ Եվ կամա թե ակամա նման զարգացումների դեպքում, եթե Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հիմա չգտնեն ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծում, մեզ համար պատերազմը դառնում է անխուսափելի»։
Հարցին թե արդյո՞ք գործող իշխանությունը կգնա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ճանապարհով Անդրեաս Ղուկասյանն ասաց․ «Եթե Հայաստանի ղեկավարությունն ընտրի ազգային շահերի դավաճանության ուղին և փորձի իրականացնել Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագիրը, որին աջակցում է Ռուսաստանը, ապա դա ունենալու է հետևանքներ, որոնք կարտահայտվեն նրանով, որ, օրինակ՝ Ֆրանսիան և այլ պետություններ կճանաչեն Արցախի Հանրապետությունը: Այսօր Ֆրանսիան ու ԱՄՆ-ն սահմանափակված են փաստով, որ հանդիսանում են հակամարտության կարգավորման միջնորդ կողմ ու չեն կարող նման քայլի գնալ, բայց եթե Հայաստանն իր գործողություններով տապալի Մինսկի խմբի ձևաչափը, ապա կլինեն համապատասխան քայլեր կոլեկտիվ Արևմուտքի կողմից, որոնք Հայաստանի կառավարության համար կստեղծեն շատ բարդ իրավիճակ»:
Սոնա Գիշյան