Ֆերրարի ավտոմեքենա. ովքե՞ր կարող են այն ձեռք բերել. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Հարցրեք ավտոմեքենայից հասկացող ցանկացած մարդու, թե ինչ է Ֆերրարին, և ինչն է ասոցացվում այդ բառի հետ: Ի պատասխան՝ կլսեք, որ Ֆերրարին աշխարհի ամենահեղինակավոր ավտոմեքենաներից մեկն է, որը համատեղում է հզորությունը, արագությունն ու գեղեցկությունը: Իտալական այդ ավտոընկերության պատմությունը հնարավոր չէ առանձնացնել ավտոմրցավազքերի պատմությունից: 1908 թվականը պետք է համարել այդ ամենի սկիզբը, քանի որ հենց այդ տարում է փոքրիկ Էնցո Ֆերրարիին հաջողվել առաջին անգամ տեսնել ավտոմրցարշավ: Երեք տարի անց՝ 13 տարեկան հասակում, նա սովորել է ավտոմեքենա վարել, իսկ արդեն 1918 թվականին Էնցոն մտել է «CMN»-ի թիմի կազմ՝ որպես ավտոարշավորդ:
Այնուհետև նա տեղափոխվել է «Ալֆա Ռոմեո» թիմ և ակտիվորեն մասնակցել Իտալիայում տեղի ունեցող բոլոր մրցարշավներին: Երիտասարդ Ֆերրարին առանձնահատուկ չի տարբերվել մյուսներից, բայց երազել է կազմակերպել սեփական թիմ: 1920-ականների տնտեսական ճգնաժամի ժամանակ դադարեցվել են թանկ ավտոմրցաշարերը: Էնցոն հասկացել է, որ եկել է իր աստղային ժամը: Օգտագործելով ընկերների աջակցությունը և ընդունելով օգնություն իր նախկին գործատուից (Ալֆա-Ռոմեոյից)՝ նա ստեղծել է «Scuderia Ferrari» նոր թիմ: Շնորհիվ հնչեղ հաղթանակների, ավտոարշավորդների այդ նոր թիմին հաջողվել է արագորեն ձեռք բերել համաշխարհային համբավ: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարել է Ֆերրարիին ստեղծել իր սեփական ավտոարտադրությունը, և միայն 1946 թվականին՝ պատերազմի ավարտից հետո է «Ferrari» գործարանը կարողացել թողարկել իր առաջին ավտոմեքենան, որի մշակողը եղել է հենց ինքը՝ Էնցոն:
Միևնույն ժամանակ, սկսվել է «Auto Avia Construzione Ferrari» դուստր ձեռնարկության ստեղծումը, որի նպատակն է եղել սպորտային մեքենաներ արտադրել լայն սպառման համար: Նոր ավտոմեքենաները արագորեն հսկայական ժողովրդականություն են ձեռք բերել: Մարոնելլոյում հատուկ Ֆերրարի ավտոմեքենաների համար վազքուղի է ստեղծվել, որից հետո այդ քաղաքը սկսվել է անվանվել ավտոսպորտի մայրաքաղաք: 1960-ականներին աշխարհում հայտնվել են սպորտային մեքենաների նոր բրենդներ՝ Lamborghini, Porsche, Maseratti, Lotus: Բայց այնպիսի հասկացություններ, ինչպես «արագությունը» և «շքեղությունը», ասոցացվում են միայն իտալական «Ֆերրարի» ընկերության հետ: 2002 թվականին, ի պատիվ ընկերության հիմնադիր էնցո Ֆերրարիի, ընկերությունը մշակել և աշխարհին է ներկայացրել նոր երկտեղանոց Ֆերրարի- Էնցո ավտոմեքենան:
Ընդհանուր առմամբ, արտադրվել է նման 400 ավտոմեքենա: Ֆերրարի- Էնցո ավտոմեքենայի հիման վրա ընկերության ինժեներները ստեղծել են բացառապես մրցարշավային այլ ավտոմեքենա` Ֆերրարի- FXX-ը: Ընդհանուր առմամբ նման 30 ավտոմեքենա է դուրս եկել Մարոնելլո քաղաքի գործարանի հավաքման գծից: Այդ գեղեցիկ և զարմանալիորեն հզոր մեքենան գնահատվել է 1,5 միլիոն եվրո: Ֆերրարի- FXX սերիայի երեսուներորդ օրինակը ստեղծվել է Ֆորմուլա 1-ի հանրահայտ մրցարշավորդ Մայքլ Շումախերի համար, որը հրաժեշտ է տվել սպորտին: ՖերրարիFXX գնել ցանկացողներին բավարար չէ միայն վճարել 1,5 միլիոն եվրո:
Առավելություն ունեն Ֆերրարի ավտոմեքենաների այն երկրպագուները, որոնք արդեն մի քանի Ֆերրարի ավտոմեքենա ունեն: Ֆերրարիի երկրպագուների համար նշենք, որ անհնար է տեսնել Ֆերրարի- FXX ավտոմեքենան ինչ-որ տեղ ճանապարհին: Բանն այն է, որ այդ մոդելի մեքենա կարող է ունենալ միայն Corse Clienti ծրագրի անդամը: Ֆերրարի- FXX-երը պահվում են հատուկ տեխնիկական կենտրոնում, և բոլոր այդ 30 մեքենաները թույլատրվում է վարել միայն որոշակի օրերին և միայն Ferrari Fiorano-ի (տնային) մրցուղիներում:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում