Անհայտ կորածների և գերության մեջ պահվողների ընտանիքների իրավունքների պաշտպանությունը գտնվում է ամենօրյա ուշադրության կենտրոնում. ՀՀ ՄԻՊ
ОбществоՄարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
Ողջունելով Միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատն ու հաստատության գործունեության ուղղությունները: Նա նաև զրուցակիցներին տեղեկացրել է կառույցի հանրային բարձր վստահության մասին, ինչն ըստ Պաշտպանի, կարևոր երաշխիք է առաքելության արդյունավետ իրականացման համար:
Քեթրին Բոմբերգերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի 25 տարվա աշխատանքային փորձառությունը, որը միտված է օգնելու պետություններին հետպատերազմական ժանմանակահատվածում անհայտ կորած անձանց դեպքերի ուսումնասիրման, նրանց ընտանիքներին իրավական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև պատշաճ հետաքննական մեխանիզմներ և ինստիտուցիոնալ կառուցակարգեր հիմնելու հարցում:
Պաշտպան Գրիգորյանը հատկապես կարևորել է անհայտ կորած անձանց հարցերը կարգավորող համապարփակ օրենսդրության մշակման, ինչպես նաև տրամաբանական ու կարողություններով օժտված ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է անհայտ կորած անձանց հարազատների ներգրավվածության կարևորությունը թե օրենսդրության և թե մեխանիզմների մշակման գործընթացում:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների շուրջ: