Հերթական հանդիպո՞ւմ, թե՞ նոր հարթակ
АналитикаԱրդեն հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպելու են ապրիլի 6-ին Բրյուսելում։ Նշվում է, որ հիշյալ հանդիպումն արդեն ներառված է Շառլ Միշելի ընթացիկ շաբաթվա աշխատանքային օրակարգում։ Հավելենք, որ մարտի 30-ին Բրյուսելում՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Տարածված հաղորդագրության համաձայն՝ նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ու փորձել «առաջ մղել երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»։
Կարևոր է նշել, որ այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության շուրջ, չնայած այն հանգամանքին, որ իր բնույթով տարբերվող հակամարտություն է, ունի պատմություն, իր առանձնահատուկ խնդիրները, սակայն ներկայումս այն տարանջատել աշխարհաքաղաքական զարգացումներից և ՌԴ-Արևմուտք Ուկրաինայում ծավալվող պատերազմից՝ հնարավոր չէ: Ըստ էության, Ուկրաինայում ներկայումս այնքան գլոբալ իրավիճակ է ու այնպիսի աշխարհաքաղաքական տեղաշարժերի է հանգեցնում ամենուր, որոնք միանշանակորեն չեն կարող շրջանցել հարավկովկասյան տարածաշրջանը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքն ունեցել են ավանդական թեթև, բայց նկատելի առճակատում:
Գաղտնիք չէ, որ վերջին մի քանի տարիներին ԵՄ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հասնի այն միջնորդական դերին, որը ներկայումս ունի, այս առիթով հսկայական քայլեր են արվել՝ հատկապես օգտագործվել է այն փաստը, որ ՌԴ-ն որոշակի խճճված էր տարբեր աշխարհաքաղաքական խնդիրներով։ Բոլորիս համար հասկանալի է, որ ԵՄ-ն հավակնում է նաև մասնակցել շատ ավելի կարևոր հանգրվանների, ինչպիսին հակամարտող կողմերի միջև, այպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» ձևավորումն է: Հավելենք, որ չի բացառվում, որ այդ խաղաղության թեման շատ ավելի առարկայական քննարկվի ապրիլի 6-ին նախատեսված հանդիպման ընթացքում։
Ասվածին հավելենք մի առանցքային նյուանս ևս. շատ կարևոր է արձանագրել նաև, որ հանդիպումը տեղի է ունենում պատերազմին զուգահեռ: Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանը գործընթացում ուղղակի կամ անուղղակի կերպով ներկա է, Ղարաբաղում ռուս խաղաղապահներ կան, իսկ ՌԴ-ն ներկայումս, կարելի է ասել, «լռում է» կամ զբաղված է, սակայն չի բացառվում, որ իր միջնորդական դիրքորոշումը հայտնի պատերազմից հետո: Ըստ էության, որքան էլ Ադրբեջանը ցանկանա արագացնել գործընթացները, դատելով տրամաբանությունից և աշխարհում տիրող իրավիճակից, արագ արդյունքները քիչ հավանական են թվում, հատկապես, երբ գործընթացին միանա ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Ինչ վերաբերվում է Մինսկի համանախագահությանը, ապա որոշ ազդակներ կան, որ այն կաշխատի, քանի որ վերջերս Անջեյ Կասպրչիկն այցելել էր ռեգիոն, միջնորդներն առաջարկներ էին փոխանցել կողմերին, ինչը նշանակում է, որ ինչ–որ աշխատանք կա, սակայն դրա շրջանակը վերջնական համաձայնեցված չէ, այդ պատճառով միջնորդները պաշտոնապես չեն արձագանքում հայկական կողմի առաջարկին:
Սուրեն Սիմոնյան