Դիմագրավել այն արհավիրքներին, որոնց առջև այսօրվա իշխանությունները կանգնեցրել են մեր երկիրը. նպատակը մեր քաղաքացիների կողմից թելադրվող կարմիր գծերի սահմանումն է. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն այսօր՝ ժամը 18։30-ին, «Ազատության» հրապարակում հանրահավաք են հրավիրել: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ զրուցել ենք սպասվելիք հանրահավաքի մասին, անդրադարձել նաև այն հիմնական հրամայականին, որից և բխում է նախաձեռնությունը:
Անդրադառնալով հենց այս փուլում հանրահավաք հրավիրելու որոշմանը՝ պատգամավոր Հայկ Մամիջանյանը «Փաստի» հետ զրույցում մատնանշել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին: «Հաշվի առնելով այն գործընթացները, որոնք ծավալվում են մեր երկրի շուրջ, հաշվի առնելով ակտիվ և, ըստ բոլոր ազդակների, Հայաստանի համար խիստ անբարենպաստ բանակցային փուլը, խորհրդարանական ընդդիմությունը հրավիրում է հանրահավաք, որին կոչ ենք անում մասնակցել բոլոր այն մարդկանց, որոնք ունեն ընդամենը մեկ ընդհանրություն. մասնավորապես, որոնց միավորում է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր համամիտ են այդ նախադասության հետ, որոնք, անկախ քաղաքական մոտեցումներից, անկախ քաղաքական նախասիրություններից, համարում են, որ մեր ժողովրդի նվիրական պայքարի արդյունքը՝ ազատ, անկախ Արցախը, չի կարող երբևէ հայտնվել Ադրբեջանի կազմում, կարծում եմ, 18:30-ին պետք է «Ազատության» հրապարակում լինեն: Հանրահավաքի նպատակն Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր ժողովրդի, մեր քաղաքացիների կողմից թելադրվող կարմիր գծերի սահմանումն է: Այսինքն, այն կարմիր գծերի, որոնցից դուրս լուծումներն անընդունելի են մեր ազգի համար»,-ընդգծեց պատգամավորը:
Ագնեսա Խամոյանի խոսքով էլ, որևի մեկի համար անսպասելի կամ անակնկալ չէ, որ «Հայաստան» խմբակցությունը «Պատիվ ունեմ» խմբակցության հետ հանրահավաք է հրավիրել, որովհետև այս ամիսների ընթացքում բազմաթիվ հարցադրումներ էին հնչում. «Մասնավորապես, թե երբ է ընդդիմությունը փողոց դուրս գալու, որովհետև, երբ օգոստոսին գնացինք խորհրդարան, հայտարարեցինք, որ դա չի նշանակում, թե մենք հեռացել ենք փողոցից:Շատ հստակ նշեցինք, որ խորհրդարանի աշխատանքն ու փողոցային պայքարը զուգորդված են լինելու: Ինչ վերաբերում է հանրահավաքի նպատակին, ապա արդեն իսկ տարածված հայտարարության մեջ հստակ ընդգծել ենք, թե ինչի մասին է լինելու այն:
Վաղը պետք է գծվեն կարմիր գծերը, և իշխանությունը, նաև միջազգային հանրությունը պետք է տեսնեն, որ հայ ժողովուրդը այս իշխանություններին նոր զիջումների գնալու մանդատ չի տվել: Ինչ վերաբերում է այն հղումներին, թե խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ իրենք իրենց գործողությունների համար ժողովրդի մանդատն են ստացել, ապա հանրահավաքի եկած յուրաքանչյուր քաղաքացի իր ներկայությամբ պետք է ապացուցի և ցույց տա, որ նշվածն իրականությանը չի համապատասխանում: Այդ առումով շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, թե որքան կարևոր է իրենց ներկայությունը հանրահավաքին. ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են գնալ նոր զիջումների, նոր նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը սարերի հետևում չէ: Մեր ներկայությամբ, ձևակերպված հստակ պահանջներով պետք է իշխանություններին ցույց տանք, որ այդ իրավունքը, այդ քայլին գնալու լեգիտիմությունն իրենք պարզապես չունեն»:
Ա. Խամոյանի խոսքով, պետք է հասկանանք, որ կորցնելով Արցախը՝ կորցնելու ենք Հայաստանի Հանրապետությունը:
Անդրադառնալով իշխանության այսօրվա մոտեցումներին նաև Արցախի հարցում՝ Հ. Մամիջանյանը հավելեց. «Մեր հասարակությունը պետք է քաջ գիտակցի, որ խաղաղության և ապագայի անվան տակ իշխանության եկած խունտան ո՛չ ապագա է բերել, ո՛չ էլ խաղաղություն, որովհետև նույնիսկ նոյեմբերի 9-ից ցայսօր Հայաստանը՝ և՛ ՀՀ-ն և՛ ԱՀն, ունեցել է ահռելի հողային կորուստներ: Մեր երկրի սուվերեն տարածքում գտնվում են ադրբեջանցի զինյալներ, մեր զինվորականները, մեր տղաները սպանվում են, գերեվարվում, նաև խաղաղ բնակիչներ են սպանվում: Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ Փաշինյանի խոստացած խաղաղությունը սա է: Փաշինյանի խոստացած խաղաղությունը Ներքին Հանդի, Փառուխի, Քարագլխի, մինչ այդ էլ՝ Սոթքի, Խոզնավարի աղետալի դեպքերն են: Եվ այսպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ այս խունտան իշխանության է»:
Ագնեսա Խամոյանը նշեց, որ հանրահավաքը հրավիրել են ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները, բայց դա չի նշանակում, որ հանրահավաքը սեփականաշնորհված է և ունի հեղինակային իրավունքներ. «Թեպետ նախաձեռնողն ու հրավիրողը մենք ենք, բայց այն վերկուսակցական է: Ու ցանկալի է, որ իրական ընդդիմադիր բոլոր ուժերը, անհատները, ՀԿ-ները, մշակութային գործիչները ներկա լինեն: Եվ պարզապես այս ամենին դեմ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հանրահավաքի տերը համարի»:
Անդրադառնալով ցույցերի շարունակականությանը՝ Ագնեսա Խամոյանը շեշտեց՝ պետք է հստակ լինի, որ մեկ հանրահավաքով հնարավոր չէ հասնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն: «Դա հնարավոր չէ նաև երկու հանրահավաքով: Այսինքն, մենք պետք է առաջնորդվենք այն կանխավարկածով, որ սա շարունակական, համառ պայքար է, ու պահանջում է բոլորիս միասնականությունը՝ անկախ մեր կուսակցական պատկանելիությունից, անկախ մեր տարբեր ճաշակներից: Այդուհանդերձ, պետք է հասկանանք, որ բոլորս միասին կարող ենք դիմագրավել այն արհավիրքներին, որոնց առջև այսօրվա իշխանությունները կանգնեցրել են մեր երկիրը: Այս առումով, իհարկե, այս հանրահավաքը մեկնարկն է, բայց ոչ վերջինը: Ասել, թե քանի հանրահավաք հետո է հնարավոր հասնել մեր նպատակների իրականացմանը, ես կանխատեսել չեմ կարող, դրա համար չեմ էլ կարող խաբել ու ասել, թե շատ կարճ ժամանակ հետո այս իշխանությունների հեռացմանը կարող ենք հասնել: Դրան հնարավոր է հասնել միայն մեր համառության, չկոտրվելու, պայքարից չհոգնելու շնորհիվ»,-ասաց նա:
Վերջում անդրադառնալով իշխանության այսօրվա մոտեցումներից բխող վտանգներին՝ Ագնեսա Խամոյանը շեշտեց՝ շատ կարևոր է, որ մեր հասարակության հենց լայն զանգվածները հասկանան ու պատկերացնեն, թե այսօր ինչ խնդիրների առջև է կանգնած մեր երկիրը: «Ու չափազանցություն չէ այն, որ մենք կանգնած ենք անգամ գոյության խնդրի առջև: Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ կանգնած ենք Արցախը կորցնելու առջև, իսկ կորցնելով Արցախը, նորից եմ շեշտում, կորցնելու ենք նաև Հայաստանի Հանրապետությունը, չնայած նրան, որ մարդկանց որոշակի շերտերի տարիներ շարունակ քարոզչական տեխնոլոգիաներով համոզել են, թե «տալով Արցախը՝ Հայաստանը կարող է լավ ապրել»:
Մինչդեռ նոյեմբերի 9-ից հետո առավել քան ակնհայտ է, որ Արցախը ոչ թե բեռ, այլ արժեք էր: Մեր սրբության սրբոցն է Արցախը: Այն հատվածը, որը մնացել է Արցախից, ամեն գնով պետք է պահենք: Կորցնելով Արցախը՝ շատ հստակ ու ռեալ է լինելու վտանգը: Այս գիտակցումն է նաև, որը պետք է հասցնենք մեր համաքաղաքացիներին: Ու բոլորին՝ թե՛ այս իշխանություններին, թե՛ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայ ժողովուրդը դա թույլ տալ չի կարող»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում