Քաղաքացին շարունակում է պարզապես գոյատևել. թե ինչպես, ինքն էլ արդեն չգիտի. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
«Կյանքը թանկացել է», «էս ինչ գներ են», «էս կանաչիի փողով մի կիլո միս կառնեի», «ձեթն ու հացն առա, բա ինչ եմ եփելու»... Շուկայում և խանութներում նման զրույցները սովորական են դարձել: Վերջին շրջանում գնաճն ահռելի տեմպեր է հավաքում: Պատճառները շատ տարբեր են` մի կողմից աշխարհաքաղաքական ներկա իրողություններով ու հնարավոր դեֆիցիտով պայմանավորված, մյուս կողմից` մեր շուկան ևս գնաճի տեսանկյունից պարբերաբար դուրս է գալիս վերահսկողությունից, թանկանում են կոմունալ վճարները, ինչն էլ տարբեր չափերով ավելացնում է հացի և այլ մթերքների գինը, թանկացել են պարարտանյութը, դիզվառելիքը, սերմացուն, ամենն, ինչ կապ ունի գյուղատնտեսության հետ, բնական է` թանկանում է նաև բանջարեղենը: Իսկ մեր եկամուտները շարունակում են նույնը մնալ: Նվազագույն աշխատավարձը տեղից չի շարժվում, անգամ ԱԺ-ում ընդդիմադիր գործիչների համառ փորձերից հետո այն ավելացնելու, թոշակների ու նպաստների չափերի փոփոխությունն էական չէ, որքան էլ գործող իշխանությունները փորձեն հակառակը համոզել:
Փորձագետների հետ զրույցների ժամանակ բոլորն են նշում` գնաճը բնականոն գործընթաց է, երբ թույլատրելիի սահմանում է: Օրինակ` «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը զրույցների ժամանակ մշտապես ասում է` եթե քաղաքացու եկամուտներն աճեն գնաճի հետ զուգահեռ, որևէ մեկը չի էլ զգա, որ ապրանքների գներն ավելանում են: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ մշտապես անդրադառնում է մեկ այլ ցավոտ խնդրի` գների բարձրացում մեր տնտեսվարողները պարտաճանաչորեն կատարում են, բայց չեն նվազեցնում գինը, երբ նույն ապրանքը ներմուծում են ավելի մատչելի գնով, երբ նվազում է դրա ինքնարժեքը միջազգային շուկայում և այլն: Գինը նվազեցնելու սովորություն չունեն, իսկ ահա մի թեթև ազդակ, և գինը վայրկյանների ընթացքում աճում է: Էլ չենք խոսում տոնական օրերի մասին, երբ գնաճը սովորական մի երևույթ է, արդարության համար` ոչ միայն մեր երկրում: Բայց այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես ենք շարունակում ապրել: Նույն եկամուտներն ունեցող մարդը շարունակում է պարտաճանաչորեն վճարել հարկերն ու կոմունալ վճարները, որոնք թռիչքային աճ են գրանցում, ի դեպ, խոսքը թե՛ անձնական հարկ ու տուրքերի, թե՛ որպես բիզնես ոլորտի ներկայացուցիչ հարկային պարտավորությունների մասին է: Ունենք ֆիքսված գումար` կատարում ենք վճարումներ, գնում մթերք, իսկ «տակը» ոչինչ չի մնում: Ուղղակի բարեբախտություն է, երբ ընտանիքում մի քանի աշխատող կա: Քաղաքացին շարունակում է գոյատևել` իներցիայով, իսկ թե ինչպես, ինքն էլ արդեն չգիտի:
Ծախսում ես, ծախսում, իսկ աշխատավարձի կամ թոշակի «տակը» ոչինչ չի մնում, իսկ մինչև հաջորդ թոշակը, նպաստը կամ աշխատավարձը դեռ մեկ ամիս ժամանակ կա: Հետո բարձրագոչ կոչեր են հնչում առողջության պահպանման կարևորության, առողջ սնունդ ուտելու, պարտադիր հանգստի մեկնելու մասին: Բայց չէ՞ որ բուժօգնության համար հիվանդանոց գնացող հիվանդը գրպանում պետք է գումար ունենա, սա նոր բան չէ, բայց կանոն է: Հանգստի մեկնելու համար միջին եկամուտ ունեցող քաղաքացին պետք է ամիսներ շարունակ աշխատի, այդ ընթացքում հոգա իր առօրյա ծախսերը և դեռ մի բան էլ գումար կուտակի: Բայց քանի որ չի հասցնում անել, տարիներ շարունակ այդպես էլ հանգստի չի մեկնում, իսկ մաքուր օդ շնչում է հարակից զբոսայգում:
Էլ չենք խոսում տեխնիկա կամ կահույք գնելու մասին: Մինչև վերջին շունչը շահագործում ենք բազմոցն ու գազօջախը, և երբ արդեն հնար չկա այն նորոգելու, փրկում է ապառիկով գնում կատարելու հնարավորությունը կամ էլ գուցե լրիվ այլ նպատակի համար պահված գումարը: Այս գնաճն իսկական աղետ է նրանց համար, ում ընտանիքում բուժման անհրաժեշտություն ունեցող անդամ կա, նրանց համար, ովքեր մեկ կամ երկու ուսանող ունեն: Իսկ պետությունը... պետությունը ո՛չ քաղաքացու անվտանգության, ո՛չ էլ բարեկեցիկ կյանքի երաշխավորը չէ:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում