«Ծեծելու են, հնարավոր է ոտքերով». «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Ճակատամարտի կամ պատերազմի ժամանակ կողմերը մարտական կորուստներ են ունենում: Այդ տեսակետից ռազմական բժշկության մեջ կա մի այսպիսի հասկացություն. մարտական կորուստները լինում են վերադարձելի և անվերադարձելի:
Ըստ էության, վերադարձելին այն թեթև վիրավորներն ու հիվանդներն են, որոնք կարող են մի քանի օրից կամ շաբաթից շարքում լինել և շարունակել պատերազմել, իսկ անվերադարձելի կորուստները զոհվածները և ծանր վիրավորներն են: Ընդ որում, ժամանակակից պատերազմում վերադարձելի և անվերադարձելի կորուստների հարաբերակցությունը կազմում է 1:3-ի: Ինչու՞ հիշեցի սա... Ոչ Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Հայաստանում ընթանում են «ճակատամարտեր» և «պատերազմ»՝ հոգիների, իսկ ավելի առարկայացված ասելու դեպքում՝ ձայների «պատերազմ», համակիրներ գրավելու «պատերազմ»: Եվ այդ «պատերազմն» սկսել է հենց ներկայիս վարչապետը, ընդ որում՝ նրան հաջողվել է այդ օրակարգը պարտադրել նաև այլ ուժերի: «Պատերազմի» ընթացքում լինում են «փոխհրաձգություններ»՝ մամուլում, հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում, որոշակի «բախումներ» և «սադրանքներ» ցույցերի, երթերի և այլ մասսայական միջոցառումների տեսքով, և որոշիչ «ճակատամարտեր» ընտրությունների տեսքով:
Փաշինյանին հաջողվել է հաղթել երկու ամենագլխավոր «ճակատամարտերում», բայց այնպես չէ, որ ընդդիմադիրները «ճակատամարտեր» չեն հաղթել (թեկուզ ՏԻՄ ընտրությունները որոշ կարևոր քաղաքներում): Այստեղ կարևորը դա չէ: Կարևոր է այլ բան: Ցանկացած պատերազմում կողմերն ունենում են կորուստներ: Տեսականորեն այստեղ ևս կան «կորուստներ», և դրանք կարելի է բաժանել վերադարձելի և անվերադարձելի տեսակների: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Փաշինյանի թիմը տալիս է վերադարձելի և անվերադարձելի «կորուստներ», ընդ որում՝ կարևորը անվերադարձելի «կորուստներն» են, քանի որ դրանք ժամանակի ընթացքում սկսում են քանակ դառնալ: 44-օրյա պատերազմից հետո նրա «կորուստները» շատ-շատ էին, բայց, ինչպես ասում է պատերազմական գիտությունը, դրա վերադարձելի բաղադրիչը կեսից ավելի է լինում, և արդյունքում նրան հաջողվեց ճիշտ ժամանակին և ճիշտ «հրետանային նախապատրաստություն» իրականացնելուց հետո (ամեն ինչում նախկիններն են մեղավոր, հիմա էլ գալիս են պատերազմ սկսեն և այլն) այդ վերադարձելի «կորուստները» շարք վերադարձնել և հաղթել կարևոր «ճակատամարտում»՝ խորհրդարանական ընտրություններում:
Բայց վարչապետի անվերադարձելի «կորուստները» շարունակում են անշեղորեն աճել, դրա օրինակն է թեկուզ ապրիլի 5-ի ընդդիմության հանրահավաքը: Ի դեպ, կարևոր է նաև այն, որ ընդդիմության «կորուստները» այս պահին լինում են հիմնականում միայն վերադարձելի (այնպես չէ, որ ինչ-որ մեկին ընդդիմության արդեն դուր չգալու դեպքում նա դառնում է «նիկոլական»): Ըստ էության, «հոգիների համար պատերազմը» ընթանում է ռազմական գիտության բոլոր կանոններով, իշխանական թևը տալիս է այնպիսի անվերադարձելի «կորուստներ», որոնց տեղն անհնար է լրացնել, և հեռու չէ այն պահը, որ նրանք կզգան այն, ինչ Օստապ Բենդերն էր ամբողջ մարմնով զգում Վասյուկիում շախմատի միաժամանակյա խաղի ավարտին. «Ծեծելու են, հնարավոր է՝ ոտքերով»:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում