Կարագն ու ձեթը էժանացել են. որ մթերքների գներն են աճել
Экономика«Ես հստակ նշում եմ, որ այն պնդումները, թե ամբողջ աշխարհում որոշ ապրանքատեսակների գներն իջնում են, իսկ Հայաստանում, մնալով անփոփոխ, չեն իջնում, իրականությանը չեն համապատասխանում»,- այսօր` ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը` խոսելով Հայաստանում որոշ ապրանքների գնաճի մասին:
Նա տեղեկացրեց, որ բոլոր տվյալները հասանելի են, քանի որ իրենք պարբերաբար հրապարակում են դրանք.
«Մենք ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ եւ՛ դոլարի փոխարժեքի իջեցման պարագայում է ապրանքների գները իջել, եւ՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում: Այդ ապրանքներից են կարագը, ձեթը»:
Լրագրողի հարցին` ինչու է հնդկաձավարի գինը բարձրացել, Գեւորգյանը նշեց, որ բարձրացումը գլոբալ է՝ կապված առկա պաշարների հետ.
«Հնդակաձավարի գինը բարձրացել է, որովհետեւ ամբողջ աշխարհում հնդկաձավարի պաշարների խնդիր ունենք: Այս պահին ներմուծող երկրները չունեն այդ պաշարներից, դրանով պայմանվորված է ինքնարժեքի գինը բարձրացել»:
Անդրադառնալով ձվի շուկայում ձվի գնի պարբերաբար տատանումներին՝ Գեւորգյանն ասաց, որ նման տատանումները կապված էին այնպիսի տնտեսվարող սուբյեկտի հետ, որը իրենց իրավասության տիրույթից դուրս է.
«Մենք միշտ վերահսկում ենք բոլոր շուկաները, որոնք մեր վերահսկողության տակ են գտնվում, իսկ ձվի հետ կապված՝ մենք հրապարակում էինք տարածել, ըստ որի` գնիջեցումը կատարվել է այնպիսի տնտեսվարող սուբյեկտի կողմից, որը մեր տիրույթից դուրս է, ուստի ձվի գնի իջեցումը տնտեսապես հիմնավոր չէ, քանի որ ձվի ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան այն գինը, որով վաճառվում էր շուկայում: Հիմա ձվի գինը կարծես թե կարգավորվել է»:
Եզրափակելով իր խոսքը Գեւորգյանն ասաց, որ իրենք կարող են գնի չհիմնավորված իջեցում կամ բարձրացում դիտարկել միայն գերիշխող տնտեսվարող սուբյեկտների մոտ, որովհետեւ փոքր տնտեսվարող սուբյեկտը չի կարող փոխել ամբողջ շուկայի տրամաբանությունը: