Խորացող գնաճն ու դրա տրամաբանական էֆեկտը
ЭкономикаԻնչպես հայտնի է տնտեսական գնաճը Հայաստանում կրկին թափ է հավաքում, եթե այն փետրվարին իջել էր 6,5 տոկոսի, ապա մարտին վերստին բարձրացել է՝ կազմելով 7,4 տոկոս։ Ավելին, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճն էլ հասել է 12,8 տոկոսի, հիշյալ ապրանքատեսակները թանկացել են 7,3 տոկոսով (գնաճային ճնշումներն ակնհայտ են բազմաթիվ ապրանքների շուկաներում)։
Հարկ է փաստել, որ ապրանքների գները նախորդ տարվա համեմատ էապես բարձրացել են, բայց դա, երբեմն նույնիսկ երկնիշ գնաճը, բավարար չէ իրական թանկացումները պատկերացնելու համար։ Խոսքը բացառապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած գնային փոփոխությունների մասին է, որոնք արձանագրվել են նախորդ տարվա բարձր գնաճի վրա։ Նախորդ տարվա մարտին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել էր 5,8 տոկոս, ու դրա վրա այս տարի ևս 7,4 տոկոսանոց հավելյալ գնաճ է գրանցվել։ Ի դեպ՝ սննդամթերքի պարագայում գործ ունենք շատ ավելի մտահոգիչ պատկերի հետ. անցած տարվա մարտին սննդամթերքի գնաճը մեկ տարվա կտրվածքով կազմել էր 7,4 տոկոս, այս տարի՝ ևս 12,8 տոկոս։
Նույնը նաև մյուս ապրանքների դեպքում է։ Ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակներն անցած տարի թանկացել էին 9,2 տոկոսով, այս տարի՝ ևս 7,3 տոկոսով, հագուստը և կոշկեղենն անցած տարի թանկացել էր 6,9 տոկոսով, այս տարի՝ 7,2 տոկոսով։
Գաղտնիք հայտնած չեմ լինի, բոլորս ենք տեսնում, թե ինչպես են թանկացել մի շարք առաջին սպառման ապրանքատեսակներ․ օրինակ՝ շաքարավազն անցած տարի՝ նախորդի համեմատ, թանկացել էր գրեթե 41 տոկոսով, այս տարի դրա վրա ևս 25 տոկոսանոց գնաճ է արձանագրվել։ Արևածաղկի բուսական յուղի գնաճն անցած տարվա մարտին կազմել էր ավելի քան 62 տոկոս, այս տարվա մարտին յուղերի և ճարպերի շուկայում 7,8 տոկոս գնաճ է գրանցվել անցած տարվա նման կտրուկ թանկացումից հետո։ Հացի գինը 2021թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բարձրացել էր 8,6 տոկոսով։ 2022թ. մարտին՝ 2021թ. մարտի համեմատ, 12,3 տոկոսով։
Ասվածից դժվար չէ պատկերացնել, թե վերջին 2 տարիներին ինչպիսին է եղել իրական գնաճի ազդեցությունը սպառողների վրա։ Եվ հատկապես նրանց վրա, որոնց եկամուտներն այդ ընթացքում չեն ավելացել, իսկ այդպիսիք Հայաստանում քիչ չեն՝ բնակչության մեծ մասը։
Ըստ էության, վերջին 2 տարում մեր երկրում աշխատավարձի, թոշակի ու նպաստի բարձրացում գրեթե չի եղել։ Հավելենք, որ աշխատող քաղաքացիների կեսը՝ շուրջ 300 հազար մարդ, ստանում է 100-110 հազար դրամ անվանական աշխատավարձ։ Բացի դրանից շատ են մարդիկ, ովքեր ապրում են նվազագույն աշխատավարձով, ավելորդ է անգամ խոսել գործազուրկների մասին։
Եթե ասենք, որ գնաճը համաշխարհային երևույթ է, ու մի կողմ քաշվել՝ այս մարդկանց թողնելով համատարած թանկացումների հորձանուտի մեջ, բացահայտ արհամարհանք է հասարակության անապահով խավերի նկատմամբ։ Իշխանությունների կողմից անգամ ժամանակին քայլեր չեն անում, որպեսզի արհեստական գնագոյացման երևույթներ չլինեն, ավելին, երբեմն նույնիսկ արդարացնում են այդպիսի երևույթները։ Համարում են, որ գների արհեստական բարձրացման միջոցով սպառողների պանիկան են զսպում։
Հանուն արդարության պետք է նշենք, որ որոշ դեպքերում ԿԲ-ն է փորձում ինչ-որ բաներ անել գնաճը մեղմելու համար, բայց ինչպես տեսնում ենք, այն շարունակում է շատ ավելի բարձր լինել, քան նախատեսված է, որ պիտի լիներ։ Գուցե առանց այդ քայլերի գնաճի տեմպն ավելի բարձր կլիներ, սակայն դրանով էլ պակաս չէ։
Ինչպես հայտնի է անցած տարին փակեցինք 7,2 տոկոս գնաճով՝ նախատեսված առավելագույն 5,5 տոկոսի փոխարեն։ Այս տարվա մարտի դրությամբ էլ միջին գնաճը կազմել է 7,4 տոկոս։ Առանձին ապրանքատեսակների դեպքում հասնում է 20-30-40 տոկոսի։ Կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք անգամներով են թանկացել։ Ի դեպ՝ թանկացումները ոչ միայն այս, այլև անցած տարվա ընթացքում են եղել և այդ թանկացումների վրա, այս տարի ևս թանկացումները շարունակվում են։ Դրան նպաստում է համաշխարհային շուկան, մատակարարումների խաթարումն ու առաջարկի կրճատումը, բայց խնդիրը միայն դա չէ, սակայն քիչ չեն նաև ներքին գործոնները։ Բերենք ամենաակնառու և ցայտուն օրինակը. փետրվարի 1-ից, ինչպես հայտնի է, ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է միջինում 4,7 դրամով, իսկ ապրիլի 1-ից գազի սակագների բարձրացման հետևանքներն ազգաբնակչությունը կզգա ավելի ուշ։
Տիգրան Սիմոնյան