Իշխանության շամանական նիրվանան
АналитикаԸստ էության, գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե նշեմ, որ 2018-ից հետո, իսկ արդեն 2020-ի կապիտուլյացիայից հետո վերջնականապես, ՀՀ իշխանությունների քաղաքական գիծը եղել է Արցախը Ադրբեջանին հանձնելու գործընթացի վերջնական իրականացումը։ Հենց 2018-ից հետո տարածաշրջանում և ողջ արտաքին քաղաքական կուրսում ապահովվեց այնպիսի իրավիճակ, ինչը հանգեցրեց ողբերգական պատերազմի, ներկայումս այդ գործողությունների վերջնախաղին ենք ականատես դառնում։ Ասեմ ավելին, ունենք իրավիճակ, որ ՀՀ իշխանություններն, ըստ էության, Արցախ չեն գնում, բացի դրանից՝ տարբեր պաշտոնյաների դեմքով հստակ ընդգծում են իրենց դիրքորոշման մասին։
Փաստն այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը տոտալ կերպով լծվել են հանրությանը խաղաղության «կուտը» հրամցնելու գործընթացին և փորձում են համոզել, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն այլընտրանք չունի, ավելին, նա իր խոսքում անուղղակի հաստատում էր, որ ձեռքերը լվացել է Արցախից։
Իր ելույթում նա նշել է. «Հետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չկրճատեց ծախսերը, այլև լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն ունեցավ: Այդ լրացուցիչ ծախսերի մի զգալի մասը ուղղվեց պատերազմից վիրավոր Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Ու այս ֆոնին, երբ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի ավարտը կառավարությունը Արցախում իրականացրել է 136 միլիարդ դրամի ծրագիր, իսկ 2022 թվականի բյուջեով 144 միլիարդ դրամի ֆինանսավորում է նախատեսել, մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե Հայաստանը Արցախից ձեռքերը լվացել է»։ Եթե Փաշինյանի ամբողջ ելույթը փորձենք մեկ նախադասությամբ բնորոշել, ապա նա, ըստ էության, հայտարարում է, որ պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում Արցախը լինելու է Ադրբեջանի մաս ինչ-որ անհասկանալի կարգավիճակով:
Ըստ էության, նմանօրինակ հայտարարությունները բոլորովին պատահական չեն, քանի որ տարածված տեղեկությունների համաձայն՝ ակնհայտորեն լուրջ տարաձայնություններ են առաջացել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների միջև: Ավելին, նախօրեին Արայիկ Հարությունյանը Մարտակերտում ունեցած հանդիպումների ընթացքում Փաշինյանի ծրագրերին բոլորովին հակառակ դիրքորոշում է արտահայտել` հավանաբար վերջնականապես հասկանալով վերջինիս բուն նպատակները, այն է` Արցախը ամբողջովին նվիրաբերել ադրբեջանական և թուրքական տարածաշրջանային պրոյեկտին: Դրանից բացի, մամուլում տեղեկութուններ են շրջանառվում, որ Փաշինյանը երեկ Հարությունյանին սպառնացել է` իրեն չենթարկվելու և իր հրահանգները չկատարելու դեպքում Արցախին զրկել Հայաստանի պետբյուջեից տրվող որևէ օգնությունից, ինչին հաջորդել է Հարությունյանի բավական կոշտ պատասխանը Փաշինյանին:
Իսկ ինչ կատարվում է այս օրերին խորհրդարանի դահլիճում, ուղղակի սարսափելի է, առանց հայհոյելու հնարավոր չէ հետևել։ Իշխանական խունտան՝ սազը ձեռքներին գովաբանում է իրենց քաջազուն առաջնորդի մտքի գոհարներն ու ծափ տալիս ինքնամոռաց։ Անհայրենիքները, շամանական նիրվանայի մեջ ընկնելով, փորձում են բոլորիս համոզել, որ թուրքի հետ խաղաղ ապրելը եդեմական երանություն է։
Գարիկ Հակոբյան