Նիկոլական իրականության թուրքական լեգմոտիվը
АналитикаԱյն ինչ վերջին երկու օրերին տեղի է ունենում ՀՀ ներքաղաքական իրականության մեջ հեռու է անգամ ամենադաժան երազում կատարվողից։ Օրվա իշխանությունը առանց դեմքի մի մկանի խաղի խոսում է Արցախը Ադրբեջանին հանձնելու օրակարգի անխուսափելիության մասին ու դա անում է ԱԺ ամբիոնից: Նրանք իրենց ելույթներով «խաղաղության դարաշրջանի» մասին են խոսում։ Ըստ էության, պետք է փաստենք, որ այդ քվազի խաղաղության մասին հայտարարող Նիկոլ Փաշինյանն իրականում պատերազմ է հայտարարել։ Փաստացի, նա պատերազմ է հայտարարել հայ հասարակությանը, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր հայերին, ովքեր դեռևս ունեն անհատական ու հավաքական արժանապատվություն և պատրաստ չեն նվաստացուցիչ խաղաղությանը, այնպիսի խաղաղությանը, որի այլընտրանքը, Նիկոլ Փաշինյանի խոսքերով իսկ, «մատաղացու գառ լինելն է»։
Եթե փորձենք գաղտնազերծել Փաշինյանի կոդավորված խոսքը, ապա իրականում հենց դա է նրա ելույթների ու գործողությունների հիմնաքարը՝ Հայաստանը դարձել է «մատաղացու գառ», և որպեսզի տեղի չունենա մատաղի վերջին ռիտուալը, ստիպված է համաձայնել Ադրբեջանի ու Թուրքիայի թելադրած բոլոր կանոններին։ Նիկոլ Փաշինյանը համեստորեն չի խոստովանում, բայց հասկացողը հասկանում է, որ Հայաստանը «մատաղացու գառ է» դարձել հենց իր ձեռամբ։ Այդ հրեշավոր արարքից հետո Նիկոլը Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին, համայն հայությանը գործարք է առաջարկում՝ կա՛մ համաձայնել իր «խաղաղության դարաշրջանին», կա՛մ միջազգային հանրության անհաղորդ հայացքի ներքո Արցախն ու Հայաստանը մատաղ կարվեն իր այն գործընկերների կողմից, որոնց շահերը այդքան ջանասիրաբար ներկայացնելով՝ փորձում է նրանց իսկ շահերից բխող խաղաղություն հաստատել։
Կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, մարտահրավեր է նետում բոլոր նրանց, ովքեր դեմ են ստորաքարշության այս համազգային ակտին և պատրաստ են պայքարել դրա դեմ։ Պատերազմը հայտարարված է հասարակությանը, որը նաև պետք է որոշի՝ այդ պատերազմում շարունակելու է պայքարել գործող ընդդիմության հե՞տ, թե՞ այդուհանդերձ փնտրելու ու գտնելու է պայքարի այլ ձևաչափեր։ Հակառակը նշանակելու է Փաշինյանի ու խաղաղության գծով նրա պարտնյորների հաղթանակը և Հայաստանի, Արցախի, ընդհանրապես հայկական ինքնության պարտությունը։
Ըստ էության, Փաշինյանն ազնվորեն ու առանց այլևայլ ձևականությունների հայտարարում է, որ հայրենասիրության իր մոդելը չի ենթադրում հայկական տարածքների պարտադիր պաշտպանություն, նա ասում է, որ հայը կարող է ապրել նաև թուրքական կամ ադրբեջանական տարածքներում։ «Հայաստանի երբեմնի բոլոր հողակտորներն էլ այսօր կան, գոյություն ունեն»,- ըստ ամենայնի, ազդարարելով առաջիկայում հայկական տարածքների թուրքացման իր մտադրությունները, հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ կարևորը ոչ թե տարածքներն են, այլ դրանում բնակվող մարդիկ։
Շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ օրինակ՝ կոսմոպոլիտիզմի կամ գլոբալիզացիայի որևէ խմբակում նման հայտարարությունը կարող է ծափերի արժանանալ, սակայն, երբ այդպիսի միտք է հայտնում պետության ղեկավարը, նշանակում է, որ նա պատրաստ է սեփական երկրի տարածքները զիջել ցանկացածին, անգամ թշնամուն՝ դրանցում ապրելու իրավունքի, «մատաղ չանելու» ողորմածության դիմաց։
Ցավալի է, բայց փաստ, որ նմանօրինակ բացախոս ազնվությամբ «խաղաղության» մունետիկը պատերազմ է հայտարարում սեփական հանրությանը։ Այս պատերազմում նա ունի հզոր դաշնակիցներ՝ ի դեմս Ադրբեջանի, Թուրքիայի և նրա ելույթներին ծափահարող «միջազգային հանրության»։ Նիկոլի հայտարարած այս պատերազմի ելքը կախված է Հայաստանի ու Արցախի հասարակությունից՝ առաջնորդությամբ կամ առանց դրա։ Հակառակ դեպքում, որոշ ժամանակ անց, գուցե ևս մի քանի հազար զոհերից հետո նա՝ հիանալով սեփական ելույթով ու համարելով, որ դրա համար արժեր մարդկային կյանքեր զոհել, կկարողանա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել՝ «Մեր նահատակները այ էս խոսակցության համար են ընկել»։
Սարգիս Ահարոնյան