ՀՀ նոր քրեական օրենսգրքով թմրամիջոց գովազդելը ևս կհանդիսանա հանցագործություն
ОбществоՀայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքով թմրամիջոց գովազդելը ևս կհանդիսանա հանցագործություն և այն հավասարեցված կլինի թմրամիջոցների իրացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը:
Նրա կարծիքով՝ այդ քայլով ևս թմրամիջոցների գովազդ կատարող բազմաթիվ անձանց դժվարություններ կպատճառվեն:
Անդրադառնալով Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում տեղադրված թմրամիջոցի գովազդի դեպքին, Համբարյանն ասաց, որ նմանատիպ գովազդներ հայտնվում են ՀՀ տարբեր շինությունների վրա:
«Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանում տեղադրված ցուցանակի վրա նշված էջը կառավարող անձը կալանավորված է: Նրա տան խուզարկության ընթացքում 2 կգ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել: Ներկայումս նախաքննական մարմնի կողմից ակտիվ գործողություններ են իրականացվում խմբի կազմում ընդգրկված և գովազներ տարածող, ինչպես նաև՝ թմրամիջոցներ տեղադրող անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,-հավելեց նա:
Հովհաննես Համբարյանի խոսքով՝ Հայաստանում ամենատարածված թմրամիջոցը մարիխուանան է: Համացանցում բավականաչափ տարածում և կոնկրետ մեծ պահաջարկ ունեն մեֆեդրոն և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները: