Վահրամ Սարաջյանի կատարողական արվեստի շնորհիվ Հայաստանի անունը բարձր է հնչել բազմաթիվ երկրներում. կայացավ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգ
КультураՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել էր համերգային երեկո՝ նվիրված անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի հիշատակին։
Սարաջյանի կատարողական արվեստի շնորհիվ տասնամյակներ շարունակ Հայաստանի անունը բարձր է հնչել բազմաթիվ երկրներում։ Նվագախմբային և մենահամերգային ելույթներով նա հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Նյու Յորքում և աշխարհի բազմաթիվ այլ մշակութային կենտրոններում։
Համերգային ծրագրում հնչեցին Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» պրելյուդը, Մորիս Ռավելի «Պավան հանգուցյալ արքայադստեր համար» ստեղծագործությունը, Ջակոմո Պուչչինիի Սիմֆոնիկ պրելյուդը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ նաև Վահրամ Սարաջյանի մտերիմ բարեկամ Մաքսիմ Վենգերովը՝ կատարելով Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտը։
Գրեմմիի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի ելույթը մեծ ընդունելության արժանացավ ունկնդրի կողմից։ Կատարումից հետո ջութակահարն իր խոհերը կիսեց իր սիրելի ընկերոջ՝ Վահրամ Սարաջյանի մասին։ Նա նշեց, որ երկար տարիներ ելույթ է ունեցել Սարաջյանի հետ, նույնիսկ ստեղծել էին տրիո, որը, Վենգերովի խոսքով, անվանում էին հայկական տրիո, և որի կազմում էին Վահրամ Սարաջյանը, դաշնակահար Վահագն Պապյանն ու ինքը։ Ջութակահարը խոստովանում է, որ մեծ սիրով է հիշում այն ժամանակը, որ ինքն անցկացրել է տաղանդավոր թավջութակահարի հետ և՜ բեմում, և՜ բեմից դուրս։ «Վահրամ Սարաջյանի մահը մեծ կորուստ էր երաժշտության սիրահարների համար, սակայն նրա հիշատակը միշտ մեզ հետ է»,- ասաց Վենգերովը։
Դաշնակահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը նշում է, որ Վահրամ Սարաջյանը միշտ լի է եղել երաժշտական նոր գաղափարներով. «Նա չէր դադարում փնտրել, բացահայտել ինքնատիպ շերտեր ու որակներ երաժշտական անծայրածիր ու անսահման աշխարհում։ Նա բացում էր դռներ կատարողական արվեստում՝ հրավիրելով իր հետ միասին ներթափանցելու արվեստի ընկալման իր ուրույն աշխարհը։ Ի թիվս այլ երաժիշտների՝ այդ աշխարհը նրա հետ կիսելու բախտ է վիճակվել նաև ինձ, և այդ բացառիկ երաժշտական հանդիպումներն ուղեկից են լինելու ինձ իմ ամբողջ կյանքում»։
Երեկոյի ընթացքում ներկայացվեց Վահրամ Սարաջյանի մասին պատմող տեսանյութ, որտեղ հնչում էին թավջութակահարի կատարումները, հիշատակի խոսք էին ասում նրա գործընկերները։