«Փոխանակ զարկ տալու սեփական արտադրությանը, մեր իշխանությունը, ցավոք, չհիմնավորված ինքնավստահությամբ առաջ է գնում». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Գնաճի ահագնացող տեմպերի հետ զուգահեռ սպառողների շրջանում տարակուսանք է առաջանում` ինչո՞ւ որոշ ապրանքների մասով չենք զարգացնում սեփական արտադրությունը, չէ՞ որ այդ դեպքում գներն ավելի կառավարելի կլինեին, և երկրորդ` ինչո՞ւ չեն զսպում տնտեսվարողի «գայլային ախորժակը», որն ապրանքի գինը բարձրացնում է սեփական քիմքին համապատասխան, հատկապես, երբ երկրում խուճապային իրավիճակ է` համաճարակ, պատերազմ, արտաքին գործոններ: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը ևս հավաստում է` գնաճը շարունակվում է խայտառակ տեմպերով:
«Տպավորություն է, թե գործ ունենք բարձիթողի վիճակի հետ: Մրցակցության հանձնաժողովը լծակ ունի վերահսկելու, ուսումնասիրություններ կատարելու, բայց այսօր այդ կառույցի արդյունավետ քայլերը չենք տեսնում: Եթե անգամ վարչական վարույթ են իրականացնում, ինչը գործողությունների փաթեթ է, դա ամենաքիչը երկու ամիս է տևում: Առաջարկեցինք, որ այդ ժամկետը կրճատվի, պատճառաբանեցին, թե իրենք ևս հարցումներ են իրականացնում և երբեմն իրենց ուշ են պատասխանում: Բայց այդ ընթացքում` մինչև հանձնաժողովը որոշի, թե գնաճը միտումնավոր է, թե ոչ, տնտեսվարողը կարող է գերշահույթ ստանալ, սպառողն էլ հավել յալ գումար է ծախսում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ ձեռք բերելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:
Նշում է, որ բարձր գնաճն այս օրերին արդարացվում է համաշխարհային շուկայում առկա գնաճով, արտաքին գործոններով` ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով և այլն: «Գաղտնիք չէ, որ մեր երկրում շատ են ներկրվող ապրանքները, հետևաբար կախվածությունն այլ երկրներից մեծ է: Այս պարագայում շուկայում դեֆիցիտը հանգեցնում է գնաճի: Պետք է հստակ հասկանալ, որ ցանկացած երկիր մտածում է պարենային սեփական անվտանգության մասին, ուստի կրճատում է արտահանումների ծավալը` իր ազգաբնակչության կարիքները հոգալու համար: Մեր իշխանությունը, ցավոք, դա չի գիտակցում, չհիմնավորված ինքնավստահությամբ առաջ է գնում, փոխանակ զարկ տա գյուղատնտեսությանը, գյուղացիների համար աջակցության իրական ծրագրեր, նրանց վարկերը ներելու տարբերակներ մշակի: Պատերազմից հետո մեծ ծավալի գյուղատնտեսական վարելահողեր, ջրային ռեսուրսներ կորցրեցինք: Սրան զուգահեռ շատ են հողատարածքները, որոնք ուղղակի չեն մշակվում: Կառավարությունը պետք է մտածի այս ուղղությամբ, զարկ տա գյուղատնտեսությանը: Այսպես տեղական արտադրանքին զարկ կտանք, այլ երկրներից ներմուծման ծավալները, հետևաբար նաև կախվածությունը կնվազի, հնարավորության դեպքում նաև կպահեստավորվեն պարենային կարևորագույն ապրանքները: Օրինակ` կարելի է պահեստավորել ցորեն, ինչը ֆորսմաժորային իրավիճակում հնարավորություն կտա հաջորդ վեց ամսվա ընթացքում խնդիր չունենալ և ազգաբնակչության հացի պահանջարկը բավարարել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, տնտեսվարողները թանկացումը մեկնաբանում են նաև այլ երկրներից ներմուծվող հումքի գնաճով, բայց չպետք է մոռանալ նաև, որ բարձրացան կոմունալ ծառայությունների գները, իսկ սա չի կարող չազդել հատկապես մեր երկրում արտադրվող ապրանքի ինքնարժեքի վրա: Եվ բոլոր սլաքներն ուղղվում են դեպի պետությունը, որն աջակցության իրական ծրագրերի միջոցով պետք է կանգնի բիզնեսի կողքին, սահմանելով նրա համար որոշակի պարտավորություններ, արդյունքում գոնե չի ծանրանա քաղաքացիների ֆինանսական բեռը: «Բոլորիս վճարած և պետբյուջեում հավաքագրվող հարկերի մի մասը վերադառնում է քաղաքացուն` թոշակների, նպաստների ու աշխատավարձերի տեսքով: Մի մասն ուղղվում է անհայտ ծրագրերի: Օրինակ` կառաջարկեի այդ գումարը տալ տնտեսվարողին, առանց բանկերի միջնորդության, ասելով` այն դնում եք շրջանառության մեջ, զարգացնում ձեր բիզնեսը, ավելացնում եկամուտները, որից գանձվող հարկերը ևս բարձրանում են: Արդյունքում` տնտեսվարողը շրջանառում է իքս գումարը, ընդլայնում իր բիզնեսը, աշխատատեղեր ստեղծում, հարկեր վճարում, որոշ ժամանակ անց այդ իքս գումարը վերադարձնում է պետությանը: Ստացվում է, որ ներկայացնում է իր բիզնեսի զարգացման ծրագիրը, պետությունից և ոչ թե բանկից անտոկոս պարտք է վերցնում, մի շարք պարտավորություններ է ստանձնում, իսկ որոշ ժամանակ անց պետությանն է վերադարձնում այդ գումարը, պետությունն էլ այն ներդրման նպատակով տալիս է մեկ այլ բիզնեսի»,-հետևյալ գաղափարն է առաջարկում «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահը:
Ընդգծում է` սեփական արտադրությունը նախ և առաջ նվազեցնում է կախվածությունն արտաքին շուկաներից, այնտեղ տեղի ունեցող գնային վայրիվերումներից, հնարավոր դեֆիցիտից: «Այս տարբերակի կյանքի կոչումը կարող է մեծացնել մրցակցությունը, շուկայում նոր բիզնեսներ ու գաղափարներ կգան առաջին պլան, հնարավորություն կստեղծվի զսպել նաև գնաճը: Դրա ամենաուղիղ զսպումը մրցակցության արդար սկզբունքների ստեղծումն է: Որքան մրցակցությունը մեծ լինի, այնքան շատ է հնարավորությունը գների հետ «խաղալու»: Իսկ այս օրերին գնաճն ուղղակի անկառավարելի է դարձել, խոշոր խաղացողները լուրջ դիրքեր ունեն, այնպես են անում, որ պետական լծակները չեն կարողանում իրենց զսպել, ունեն շանտաժի բազում մեխանիզմներ` «ներդրում չեմ անի, աշխատողին կհեռացնեմ աշխատանքից և այլն»: Պետական մարմինների ուժն էլ պատում է փոքր բիզնեսի վրա, սկսում են ճնշել նրան, իսկ հետևանքը կոլապսն է»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում