«Հայաստանը խաղաղ ապրել է Արցախի շնորհիվ, Արցախն է Հայաստանի փրկիչը». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր պետականության համար բարդագույն ժամանակներ ենք ապրում: Այս ահազանգը մեկ մարդ չի հնչեցնում, այլ հազարավորները: Հիմա մի սահմանագծին ենք, երբ հերթական անգամ, ինչպես 1988 թ.-ին, որոշվում է Արցախի, հիմա նաև Հայաստանի ապագան: Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանի խոսքով, կատարվում է մի շատ բնական գործընթաց, որը սկսվել է տարիներ առաջ, և հիմա հասել ենք մի կարևոր հանգրվանի:
«Դանդաղ ընթացքը բերում էր սրան: Հասել ենք Արցախը կամավոր հանձնելու, երկիրը ոչնչացնելու կետին: Մեր ազնվական ժողովուրդը համաձայն չէ սրա հետ, ինչպես համաձայն չէր 1988 թ.-ին: Մեր քաղաքական ղեկավարությունը պետք է զգա ժողովրդի ոգին և քաղաքական համապատասխան քայլեր իրականացնի: Բայց դա միայն քաղաքական գործիչներն անել չեն կարող: Հրապարակում պետք է լինեն մեր մտավորականները, գրողները, բանաստեղծի սիրտ ունեցող մարդիկ, որովհետև միայն մենք գիտենք, թե ինչպես խոսել ժողովրդի հետ, ինչպես արթնացնել ժողովրդին: Վերջին տարիներին քաղաքական գործիչների վարքը մոտավորապես հետևյալն է՝ ամեն ինչ անել ժողովրդին հուսահատեցնելու համար: Իբր Նիկոլ էին քննադատում, իրականում գովազդում էին ամենավնասակար գաղափարներ, և այսօր գործը հասցրեցին նրան, որ ունենք հուսահատ ժողովուրդ:
Մեր ժողովուրդը ոչ միայն պատերազմից էր հուսահատ, այլ հետպատերազմյան ինֆորմացիոն տեռորից: Լրատվամիջոցներում այնպիսի փաստեր հրապարակվեցին, որ մենք թևաթափ եղանք, մինչդեռ ամենածանր պահին առաջնորդի խնդիրն Ալիևի խոսքերը կրկնելը չէ: Մեր քաղաքական գործիչների համար Ալիևը դասագիրք է: Պատմում են դասը, ժողովրդին սովորեցնում են այն, այսպիսի սարսափելի բան ոչ մի տեղ չեմ տեսել, անհանդուրժելի վիճակ է: Մեր լրատվամիջոցներում Ալիևը չպետք է խոսի, նրա ծրագրերը չպիտի գովազդվեն: Պետք է դադարեցնել այս պրոպագանդան: 1990-ականներին ես նման բան չեմ հիշում: Ես լսում էի մեր առաջնորդներին, կասկածներ չունեի, իսկ հիմա Հայաստանը դարձել է կասկածների հայրենիք:Մեր մամուլում պետք է խոսի Գարեգին Նժդեհը, Զորավար Անդրանիկը, մեր մյուս առաջնորդները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը:
Նշում է` իր կարծիքով, այսօր հրապարակ մարդիկ քիչ են գալիս, և դա նաև մեր լրատվական-քաղաքական դաշտի վաստակն է: «Ժողովուրդը թևերը կախել է: Ժողովրդին պետք է առաջնորդեն մեր հաղթական կերպարները: Վազգեն Սարգսյանը մեզ պետք է առաջնորդի, նա մեզ երբեք չներկայացրեց ադրբեջանցի լոբբիստների տեսակետները: Հիշո՞ւմ եք իր հայտնի հեռուստաելույթը, ասաց` մեր վիճակը ծանր է, ապրելու-մեռնելու հավանականությունը 50/50 է: 500 տղամարդ էր ուզում, ավելի շատ եկան: Այդպիսին է լինում քաղաքական առաջնորդը: Մեր հասարակությունն այսօր ունի խարիզմատիկ, հզոր առաջնորդի կարիք, որի խոսքը պետք է էներգիա պարունակի»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Հավելում է` այո, շատ ծանր վիճակում ենք հայտնվել: «Բայց հուսահատվել պետք չէ, մեր Հովհ. Թումանյանով, Գր. Զոհրաբով, Վ. Սարգսյանով, Կ. Դեմիրճյանով ընդունում ենք մեզ նետված մարտահրավերը: Մեր հոգևոր ուժին աշխարհում դիմացող չկա: Պետք չէ ժողովրդին հուսահատեցնել այս ծանր պահին»,-ասում է գրականագետը:
«Ամեն ինչ առանց այն էլ պարզ է, խաղաքարտերը վաղուց բացված են, գաղտնիք այլևս Հայաստանում չկա, հստակ է նաև, թե ով ինչ է ուզում: Այսօր Զանգեզուր ու Արցախ սիրող հայրենապաշտները պետք է միանան և իրենց գործն անեն: Առաջին քայլը, որ պետք է անել, ցույց տալ, թե ինչ գործի շուրջ ենք համախմբվում, իսկ մենք պետք է համախմբվենք Արցախի շուրջ, պետք է մեր ժողովրդին համախմբենք գաղափարի ու գործի շուրջ: Ստացվում է, որ խարույկ ենք վառում և դրա շուրջ համախմբում ողջ ժողովրդին: Մինչ այժմ քաղաքական գործիչների սխալն այն է եղել, որ իրենք խոսք են ասել ու այդ խոսքի շուրջ ցանկացել են համախմբել ժողովրդին: Ասել են` մենք ատում ենք Նիկոլին, եկեք համախմբվենք, ժողովուրդ:
Բայց մեր ժողովուրդը փորձառու է, նա խոսքի շուրջ չի համախմբվում: Հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդը վաղուց բառի շուրջ չի համախմբվում: Մենք հրաշալի սփյուռք ունենք, չմոռանանք այդ մասին ևս: Խոսքն ու խոսողներին մի կողմ թողնենք: Գործի շուրջ ենք համախմբում մարդկանց: Ոչ մեկին չենք ատում, սիրում ենք մեր արցախցուն, Արցախին ասում ենք` ուժեղացնելու և պահելու ենք քեզ, ինչպես դու երեսուն տարի պահեցիր Հայաստանը: Պետք է ընդունենք, որ Հայաստանը խաղաղ ապրել է Արցախի շնորհիվ: Արցախը Հայաստանի փրկիչն է, Հայաստանը չի փրկել Արցախը, այլ հակառակը: Երեսուն տարի խաղաղ քնել ենք, ժպիտով արթնացել, տեսել ենք արևոտ Երևան Արցախի շնորհիվ: Հիմա մեր պարտքը տալու ժամանակն է»,-եզրափակում է Աբգար Ափինյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում