Թուրքիան բողոքի նոտա է հղել Իրաքին
Международные новостиԱնկարայում Իրաքի արտաքին գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշվում է, որ իրաքցի դիվանագետին թուրքական կողմից բողոքի նոտա է փոխանցվել։
Նոտայում բողոք է արտահայտվել այս երկրի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի «հակաահաբեկչական գործողության» վերաբերյալ իրաքյան պաշտոնյաների «կողմնակալ» հայտարարությունների և «չհիմնավորված պնդումների» մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Իրաքի ԱԳՆ-ն կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպան Ալի Ռըզա Գյունեին՝ կապված երկրում թուրքական զորքերի գործողությունների հետ, հատկապես երկրի հյուսիսում նրանց կողմից ձեռնարկված ռազմական գործողության ֆոնին։
Թուրքիայի դեսպանին հանձնվել է բողոքի նոտա, որով կոչ է արվել «անհապաղ դադարեցնել սադրիչ գործողություններն Իրաքի դեմ»։
«Անհրաժեշտ է հարգել մեր երկրի ինքնիշխանությունը։ Թշնամական գործողությունները կանխելու համար Իրաքը կարող է ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ միջոց՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան։ Ուստի մենք պահանջում ենք բոլոր թուրքական զորքերը դուրս բերել Իրաքի տարածքից», - հայտնել են Իրաքի ԱԳՆ-ից։
Բացի այդ, Իրաքի ԱԳՆ-ն նշել է, որ «թուրքական բանակի կողմից երկրի հյուսիսում իրականացված գործողությունը համաձայնեցված չի եղել Իրաքի կառավարության հետ»։